Երևանի քաղաքապետարանի անվճար բուժօգնության ակցիային դիմել է 1130 քաղաքացի
«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող բուժօգնության անվճար ակցիայից օգտվելու համար արդեն դիմել են 1130 քաղաքացի, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետարանի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը՝ ավելացնելով, որ օգոստոսի 1-ից մեկնարկած ակցիան կգործի մինչև օգոստոսի 31-ը։
«Օգոստոսի 1-ից 14-ը մեզ դիմել են 1130 քաղաքացի, որոնցից 380-ը ուղարկվել են լրացուցիչ հետազոտության տարբեր ստացիոնար բուժհաստատություններ, գինեկոլոգիական խնդիրների հետ կապված վիրահատություններ են կատարվել 38 քաղաքացու, այս պահի դրությամբ 11 գինեկոլոգիական խնդիրներ ունեցող կանայք վիրահատվել են, 256 քաղաքացիների կատարվել է վահանաձև գեղձի հետազոտություններ և 38 քաղաքացիների մոտ էլ կատարվել է սիրտ-անոթային համակարգի տարբեր հետազոտություններ»,- ասաց Կամսար Բաբինյանը։
Ըստ նրա՝ նման ակցիաները քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ է կարևորում։ Նա հիշեցրեց, որ սա այս տարվա մեջ սա առաջին ակցիան չէ, «Ձեզ համար կանայք» խորագրով նմանատիպ ակցա էր իրականացվել մարտի 8-ից ապրիլի 7-ը ։
Կամսար Բաբինյանը ներկայացնելով կարգը՝ նշեց, որ ակցիայի շրջանակներում անվճար բուժօգնությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ունեն խնդիրներ՝ սիրտ-անոթային հիվանդությունների։ Գինեկոլոգիական խնդիրների դեպքում անցկացվում է նաև վահանաձև գեղի հետազոտություն։
Կամսար Բաբինյան նաև նշեց, որ քաղաքապետի կոչին կրկին անգամ արձագանքել են Երևանի մասնավոր հիվանդանոցները, որոնք նույնպես ներգրավված են ակցիայի շրջանակներում բնակիչներին անվճար բուժօգնություն տրամադրելու գործին։
Երևանի քաղաքացիները կարող են դիմել իրենց բնակության վայրի ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ մինչև օգոստոսի 31-ը և համապատասխան օգնություն ստանալ արդեն անհրաժեշտության դեպքում սեպտեմբերին։










