Ադրբեջանը հայ ռազմագերուն պարզապես արգելում է կապ հաստատել ընտանիքի հետ.Լարիսա Ալավերդյան
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի, Արցախի ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ճակատագիրն առայժմ անորոշ է: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ զինծառայողի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքին, նշեց, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիան:
Ռազմագերու կյանքն ու անվտանգությունը ցանկացած երկրում երաշխավորվում է Ժնևի կոնվեցիայիով, որն ընդունվել է 1949 թ-ի օգոստոսին 12-ին և ուժի մեջ մտել 1950թ-ի հոկտեմբերի 21-ին: Ժնևի 3-րդ Կոնվենցիայի 13-րդ հոդվածում ասվում է, որ ռազմագերիները չպետք է ենթարկվեն դաժան վերաբերմունքի, բռնությունների, վիրավորանքների և նվաստացումների:
«Ինչպես նաև հանրության, ավելի շուտ ամբոխի հետաքրքասիրությունից պետք է զերծ պահել ռազմագերուն այդ կոնվենցիայով,- նկատեց իրավապաշտպանը,- այնինչ ադրբեջանական կողմը հայ զինծառայողին տանում է մասնավոր մի հեռուստաընկերություն, որտեղ նա հարցազրույց է տալիս ու «…և ես ստիպված գնացի ջրի» արտահայտությունը թարգմանվում է «…որ ինձ այլ բան չէր մնում, քան անցնել ադրբեջանական տարածք» տարբերակով՝ փորձ անելով աղավաղել իրականությունը»:
Իրավապաշտպանն անթույլատրելի է համարում նաև Հակոբ Ինջիղուլյանին հեռուստատեսությամբ ադրբեջանական բանակի զինվորի համազգեստով ցուցադրելը: Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն գերեվարվածները ոչ մի դեպքում չպետք է պարտադրված լինեն կրելու գերության մեջ պահող պետության զինվորական համազգեստը, եթե դրա կրումը համարում են իրենց պատվի դեմ ուղղված քայլ:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնային գծում և հայտնվել Ադրբեջանում: Մի քանի օր անց, ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված նրա հարցազրույցը տարածվել էր համացանցում:
«Հիմա ամենաանհանգստացնող տեղեկությունը մեզ համար այն է, որ ադրբեջանական կողմը տարածել է, թե իրենք պատրաստ են վերադարձնել հայ ռազմագերուն, եթե ինքը ցանկանա»,-իր մտահոգությունը Tert.am-ին փոխանցեց Լարիսա Ալավերդյանը:
Հակոբ Ինջիղուլյանի՝ մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ:
«Ճիշտ է քրեական գործ հարուցվել է, սակայն Ինջիղուլյանի հայրենիք վերադառնալուց հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում չի լինի: Սա պետք է, որ մեր զինծառայողը հստակ իմանա ու գիտակցի»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Իրավապաշտպանին անհանգստացնում է նաև այն, որ լրանում է Հակոբ Ինջիղուլյանի Ադրբեջանում գտնվելու 7–րդ օրը, այնինչ նրանից ոչ մի նամակ չի ստացվել, որն ևս նույն կոնվենցիայի կոպիտ խախտում է:
«Անմիջապես պետք է հնարավորություն տրվեր հայ գերուն, որ նա նամակագրության մեջ մտներ առնվազն 2 հասցեներով, տվյալ դեպքում միջազգային Կարմիր խաչի և իր ընտանիքի հետ: Դա պետք էր արվեր հենց առաջին օրերին»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը։
«Հատուկ հոդված կա, որտեղ ասվում է, որ չի կարող գերին հրաժարվել իր իրավունքներից և չեմ կարծում, որ Հակոբ Ինջիղուլյանը չցանկանար կապ հաստատել գոնե իր ընտանիքի հետ»,– ավելացրեց նա:










