Շուտով հայտնի կդառնա հայ ռազմագերու հետ Բաքվի ԿԽՄԿ հանդիպման ժամկետը. ԿԽՄԿ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր հերթական անգամ հանդիպել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին, ով տեղեկացրել է, որ ստացված տեղեկության համաձայն` Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը վստահ է, որ շուտով հայտնի կդառնա Հակոբ Ինջիղուլյանի հետ նրանց հանդիպման ժամկետը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնային գծում և հայտնվել Ադրբեջանում: Մի քանի օր անց, ադրբեջանական ANS հեռուստաալիքին տված նրա հարցազրույցը տարածվել էր համացանցում:
Շնորհակալություն հայտնելով տեղեկատվության համար՝ Դավիթ Տոնոյանը իր հերթին ԿԽՄԿ պատվիրակին հայտնել է, որ ՀՀ–ում գտնվող ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը փոխել է իր մտադրությունը և ցանկություն հայտնել վերադառնալ Ադրբեջան: Ֆարաջևը նաև շուտափույթ հանդիպում է խնդրել ՀՀ-ում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հրավիրել է անկողմնակալ կազմակերպություններին, մասնավորապես` ԿԽՄԿ-ին, հանդիպել Ֆարաջևին:
Տրամադրված տեղեկությունը ԿԽՄԿ-ն ի գիտություն է ընդունել:










