Սիրահարված պաղեստինցին 5 ամիս անցկացրել է Ալմաթիի օդանավակայանում
Պաղեստինի Ինքնավարության 25-ամյա բնակիչ Մուհամեդ Ալբահիշը լքել է Ալմաթիի օդանավակայանի տարանցիկ գոտին, որտեղ անցկացրել է վերջին հինգ ամիսները, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Tengrinews.kz կայքին:
Պաղեստինցին օգոստոսի 15-ին մեկնել է Ռումինիա՝ կնոջ՝ Ղազախստանի քաղաքացի Օլեսյա Գրիշենկոյի ուղեկցությամբ:
Այս տարվա մարտ ամսից Մոհամեդն ապրում էր օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվող փոքրիկ սենյակում: Air Astana ավիաուղիների աշխատակիցները նրան սնունդ են տվել, նրան անգամ օգնել են ՄԱԿ-ի աշխատակիցներն ու տեղի բնակիչները: Երիտասարդին թույլ չեն տվել մտնել Ղազախստանի տարածք՝ ժամկետանց վիզայի պատճառով:
Նախորդ տարվա աշնանը նա Ալմաթի էր մեկնել՝ տեղի բնակչուհու հետ ամուսնության փաստաթղթերը պատրաստելու համար (նրա հետ ծանոթացել է Դուբայում): Ղազախստանում մնացել է տուրիստական վիզայով, որի ժամկետը լրանալուն պես մեկնել է Դուբայ և նորից վերադարձել Ղազախստան՝ նոր վիզա ստանալու համար: Սակայն գարնանն ավարտվել է ԱՄԷ-ում մնալու թույլտվությունը, և նա որոշել է մեկնել Թուրքիա, որտեղ նրան մերժել են վիզան և հետ ուղարկել Ղազախստան: Տեղի սահմանապահներն իրենց հերթին նրան հետ են ուղարկել Ստամբուլ, որտեղից Մոհամեդին նորից ուղարկել են Ալմաթի և մերժել երկրում փախստականի կարգավիճակ տրամադրելու դիմումը:










