Ryanair-ն աշխատանքից ազատել է իր օդաչուին` Channel 4-ի վավերագրական ֆիլմում հայտնվելու համար

18:02 • 15.08.13

Իռլանդական Ryanair ավիաընկերությունն աշխատանքից ազատել է օդաչու Ջոն Գոսին և դատական գործ սկսել նրա դեմ,  երբ վերջինս հայտնվել է Channel 4 հեռուստաալիքի պատրաստած վավերագրական ֆիլմում, որը բարձրացրել է ավիափոխադրողի անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցեր, գրում է The Guardian-ը։

 

Ավիափոխադրողն իրավաբաններին հանձնարարել է իրավական գործողություններ սկսել Channel 4-ի «Dispatches» ֆիլմի դեմ՝ դրանում հնչած մեղադրանքների հետ կապված:

 

Իր հայտարարության մեջ Ryanair-ն ասել է. «Մենք թույլ չենք տա Ryanair-ի աշխատակցին զրպարտել մեր անվտանգությունը հեռուստատեսությամբ։ Եվ դա տեղի է ունեցել 3 շաբաթ անց այն բանից հետո, երբ նա գրավոր հաստատել է, որ անվտանգության հետ կապված մտահոգություններ չունի»:

 

Ryanair-ը հերքել է Channel 4-ի ֆիլմում արված կեղծ և զրպարտչական պնդումները, որոնք «արատավորում են Ryanair-ի 29 տարվա համբավը և հիմնված են ընդամենն անանուն խոսակցությունների վրա, որոնք տարածել են մարդիկ, որոնց ինքնությունը թաքցվում է, կամ Ryanair-ի մրցակից ավիափոխադրողների ներկայացուցիչները»։