Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի 5 թեկնածու է առաջադրվել

18:29 • 15.08.13

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին կմասնակցեն 5 թեկնածուներ։

 

Քիչ առաջ ավարտվեց թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հայտ ներկայացնելու ժամկետը։

 

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից՝ ԸԸՀ փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներից երեքը ինքնաառաջադրմամբ են հանդես եկել:

 

«Ժառանգությունից» պատգամավորի թեկնածու է առաջադրվել կուսակցության Կապանի տարածքային ստորաբաժանումների ղեկավար, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը: Այս մասին Tert.am-ին հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը։

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է Կապանի նախկին քաղաքապետ, այժմ մարզպետի խորհրդական, ՀՀԿ-անդամ Արմեն Կարապետյանը:

 

Որպես պատգամավորի թեկնածուներ են ինքնաառաջադրվել՝ անկուսակցական, «Կապանի ՀՀԳ» ՍՊԸ տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը և անկուսակցական, Կապանի բնակիչ Տիգրան Սարգսյանը:

 

Երեկ թիվ 38 ընտրատարածքում ինքնաառաջադրվել էր նաև անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն այսօր էր՝ ժամը 18.00-ը։