Թիվ 38 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն արդեն երեքն են. երկուսն անկուսակցական, մեկը՝ ՀՀԿ-ից
Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր ստացել է Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով սեպտեմբերի 29-ին կայանալիք լրացուցիչ ընտրությանը առաջադրման ևս երկու հայտ։
Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից, բացի անկուսակցական Պավլիկ Սարգսյանից իր թեկնածությունն է առաջադրել ևս մեկ անկուսակցական, կրկին գործազուրկ Տիգրան Ալավերդիի Սարգսյանը։
Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքում արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 29-ին: Պատգամավորի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն այսօր է՝ ժամը 18.00-ն։










