Երիտասարդական կազմակերպություններն առաջարկում են չհանրայնացնել Երուսաղեմի պատրիարքի կողմից Վեհափառին ուղղված նամակը

13:57 • 15.08.13

Հասարակական 13 կազմակերպություններ առաջարկում են չհանրայնացնել Երուսաղեմի Պատրիարք Նուրհան սրբազանի կողմից Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակը, որով պահանջվում էր Վեհափառ հայրապետի հրաժարականը: Հատկապես, որ նամակն անձնական էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Համաշխարհային հայկական կոնգրեսի» երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի, «Երիտասարդություն» և «Լոռեցիների միավորում» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:


«Տարօրինակ է, որ փորձ է արվում հարված հասցնել եկեղեցու հեղինակությանը և վարկանիշին, հարված հասցնել Պատրիարքի բարձր աստիճան ունեցող եկեղեցականի կողմից: Առավել մտահոգիչ է այն, որ անձնական նամակը դարձավ հանրության սեփականությունը, ինչը, մեր կարծիքով, անընդունելի է: Չբացառելով հանրային բազում իրարամերժ տեսակետների առկայությունը ՝ գտնում ենք, որ նամակի բովանդակության հանրայնացումը չի նպաստում համայն հայության, ինչպես նաև, եկեղեցու անվտանգության ապահովմանը»,- հայտարարությունը ստորագրածների անունից հայտնեց «Երիտասարդոթյուն» ՀԿ-ի փոխնախագահ Գուրգեն Սիմոնյանը, նշելով, որ Պատրիարքը համախմբելու փոխարեն պառակտում է հայ ազգի հոգևոր միասնությունը:


Հիշեցնենք, որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակով դիմել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ իր տարակուսանքը հայտնելով հուլիսի 31-ին Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի կայացրած՝ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի մասին կայացրած որոշմանն ուղեկցող պարզաբանումների վերաբերյալ: Հոգևորականը նաև մտահոգություն էր հայտնել առ այն, որ կաթողիկոսը կարծես թե առավել տեղ է տալիս «գարշապար լիզողներին», իսկ ինքնուրույնություն դրսևորողներին նախընտրում է կարգալույծ անել:


Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները նշեցին, որ իրենք մեղավորներ ու քավության նոխազներ չեն փնտրում, պարզապես առաջնորդվում են սկզբունքով, որ «մարդիկ գալիս են ու գնում, իսկ կառույցները հավերժ են»:
Երիտասարդներից մեկն անգամ այս համատեքստում ընթերցեց թումանյանական հայտնի՝ «Թմկաբերդի առումը» պոեմից մի հատված՝ «հերթով գալիս, անց ենք կենում այս անցավոր աշխարհից» :


Ի պատասխան լրագրողի հարցին՝ թե, ըստ էության, կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանելու մտայնությամբ առաջնորդվող երիտասարդները չե՞ն մտածում, որ, այնուամենայնիվ, խնդիրը նաև եկեղեցու մեջ է, որը արդեն վերածվել է փակ կառույցի, «Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցացիայի փոխնախագահը իր անհամաձայնությունը հայտնեց, ասելով. «Ինչո՞վ է փակ, գնացել եք եկեղեցի, փա՞կ է եղել»:


Հայտարարության տակ ստորագրել են 13 հասարակական կազմակերպություններ. «Սփյուքահայ ուսանողների խորհուրդ», «Հայաստանի կենտրոն» «Ազգային ավանդական կառատե դո ֆեդերացիա», «Միասնական Հրազդան», «Համախմբված երիտասարդություն», «Կանանց հանրապետական խորհուրդ», «Հայկական գյուղական երիտասարդություն», «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա», «Հայկի սերունդ», «Լոռեցիների միավորում», «Երիտասարդներ հանուն ապագայի», «Մենք» երիտասարդ նորարարների կենտրոն, «Երիտասարդություն» հասարակական կազմակերպություններն ու «Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան»: