Հարբած երիտասարդները Սևան-Լճաշեն հատվածում կանգնեցրել են «ԳԱԶ-31029»-ը և ծեծել վարորդին
Օգոստոսի 16-ին` ժամը 01:10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մարտունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին` անտառտնտեսության մոտ, մի խումբ անձինք ծեծի են ենթարկում միմյանց: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել Վայոց Ձորի մարզի Արենի գյուղի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Արայիկ Ս.-ին, 1988 թ. ծնված Բորիս Ս.-ին, 1988 թ. ծնված Կամո Գ.-ին, 1988 թ. ծնված Ռուբեն Գ.-ին և 1988 թ. ծնված Ալիկ Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, վերջիններս, ալկոհոլ օգտագործած վիճակում, նշված վայրում ճանապարհը փակելով` փորձել են կանգնեցնել 1952 թ. ծնված Աբով Հ.-ի վարած «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո հարվածել են ավտոմեքենային, ծեծի ենթարկել վարորդին և տվել հայհոյանքներ:
Աբով Հ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:










