Գազի թանկացման դեմ Վարչական դատարան ներկայացվեց 3-րդ հայցադիմումը (տեսանյութ)
Մի խումբ քաղաքացիներ այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցին գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացման ոչ հիմնավոր հիմքերի վերաբերյալ հայցադիմում, որը նրանց կողմից ներկայացված թվով երրորդն էր:
Հիշեցնենք, որ նախորդ երկու հայտերը դատարանը մերժել է:
«Հարգելի դատարան, երրորդ անգամ դիմում ենք, որպեսզի դուք քննարկեք գազի գնի բարձրացման օրինականությունը, այս անգամ ևս հայցադիմումը մերժելու պարագայում պարտավորվում ենք անտեսել ձեզ՝ որպես դատարան, և ստեղծել մեր հանրային դատարանը, այսօր խնդրում եմ ուշադիր նայել մեր պահանջները»,-դատարանի դիմաց հայտարարեցին ակտիվիստները:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակից քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ, իհարկե, ոչ ոք հույս չի դնում դատարանների վրա, պարզապես փորձում են ցույց տալ, որ սպառված են բոլոր իրավական ճանապարհներն այս հարցերը կարգավորելու համար:
«Այսօր մենք ներկայացնում ենք այդ պահանջները, եթե այս անգամ չընդունեց հայցադիմումները, հիմք կունենանք, ասել, որ դատարանը պարզապես մերժում է, և հասկանալի է, որ պարզապես չի ուզում այս գործերն ուսումնասիրել»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք այդ ամենն անում են նրա համար, որպեսզի ոչ ոք հետո չասի, որ իրավական ճանապարհները չեն օգտագործվել:
Ակցիայի մասնակիցների թիվը երկու տասնյակից չէր անցնում, ինչի մասին Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ չէին պլանավորել որևէ մեծ ակցիա, պարզապես ուզում են դատարանին ցույց տալ, որ այս հայցադիմումները չեն ներկայացնում պարզապես ներկայացնելու համար:
Նրա խոսքով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հնարավորություն չի ստեղծել, որ հանրությունը նույնպես մասնակցի գազի և էլեկտրաէներգիայի թանկացման որոշումներին, ինչպես նաև հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ է բարձրացրել Էլեկտրաէներգիայի սակագինը. «Ակնհայտ է, որ դա իրենց պատասխանատվությամբ է կատարվել»:










