Ադրբեջանը մշտապես մերժում է Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու ԼՂՀ կոչը. Դավիթ Բաբայան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանին բազմիցս առաջարկել է համագործակցել ջրային ռեսուրսների օգտագործման շուրջ, սակայն Բաքուն մշտապես մերժել է դրանք, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։
«Նախորդ տարիներին ևս նման հայտարարություններ եղել են, եղել են նաև բանակցային գործընթացների շրջանակներում, որպես փոխվստահության այսպես ասած մեթոդներ, մեխանիզմներ: Բայց դրանք ադրբեջանական կողմը միշտ էլ մերժել է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդես էր եկել Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի ջուրը համատեղ օգտագործելու շուրջ համագործակցության կոչով՝ ուղղված Ադրբեջանին:
Դավիթ Բաբայանի կարծիքով, որևէ հատուկ բան իրենք չեն անում, պարզապես համոզված են, որ 2 հարևան պետություններ պետք է իրար հետ կարողանան խաղաղ գոյակցել և այդ գոյակցության պայմաններից մեկն էլ փոխգործակցությունն է:
Արցախյան կողմը ջրային պաշարները դիտարկում է, որպես անվտանգության կարևորագույն բաղադրամաս, ինչպես նաև սեփական տնտեսական զարգացման և այլ պետությունների հետ փոխգործակցության խոստումնալից ուղղություն:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ խորհրդային իշխանության տարիներին ադրբեջանական կողմը ջրամբարները մշտապես օգտագործել է Արցախի նկատմամբ որպես հիդրոճնշման կարևորագույն օջախներ:
«Նրանք ջրամբարները մշտապես կառուցում էին նախկին Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս և այդպիսով չէին թողնում, որպեսզի մենք օգտագործենք մեր գետերի ջրերը»,- նկատեց Դավիթ Բաբայանը:
Նա հիշեցրեց, որ Սարսանգի ջրամբարի շնորհիվ, խորհրդային տարիներին ոռոգվում էր 128 հազար հա տարածք, որից մոտավորապես 118 հազարը գտնվում էր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում, այսինքն ԼՂՀ տարածքից դուրս: Ներկայումս մի շարք ադրբեջանական գյուղերի ցանքատարածքներ, որ ժամանակին ոռոգվել են Սարսանգի ջրամբարից, անապատացման վտանգի առաջ են կանգնած:
Թարթառ գետի և Սարսանգի ջրամբարի ջրերը համատեղ օգտագործելու վերաբերյալ Արցախյան կողմի առաջարկը ընդունելու դեպքում ադրբեջանական կողմը կլուծեր այդ խնդիրը:
«Ադրբեջանցիները մեր այս առաջարկի հետ կապված բազմիցս հայտարարել են, որ իրենց տարածքները, որոնք ժամանակին օգտվել են Սարսանգի ջրամբարից, ավելի լավ է չորանան: Բայց այդ որոշումից հազարավոր մարդիկ տուժում են հենց Ադրբեջանում: Իսկ մեր հողատարածքները տուժում են ադրբեջանական կողմից եկող առնետներից ու մողեսներից»,-նշեց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ջրային պաշարների հետ կապված նոր ռազմավարություն է իրականացվում: Կառուցվելու են բազմաթիվ ջրանցքներ և հիդրոկայաններ, որոնք մոտ ապագայում՝ 3 տարում Արցախը կդարձնեն լրիվ ինքնաբավ էլեկտրանէներգիայի տեսանկյունից:
«Այսինքն` մենք թաքցնելու բան չունենք, թաքցնելու բան ունեն իրենք։ Ջուրը ռազմավարական կարևորագույն ապրանք է: Ջրի դիմաց իրենք կարող են մեզ տալ նավթ կամ գազ, եթե, իհարկե, լինի այդ շահագրգռվածությունը նրանց կողմից»,– նկատեց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի համոզմամբ՝ տնտեսական և շրջակա միջավայրի տեսանկյունից չափազանց փոխշահավետ այս համագործակցության առաջարկը ադրբեջանական կողմը քաղաքականացնելու է:
Ղարաբաղյան կողմը մշտապես հաշվի է առնում թե՛ իր, թե՛ հարևան պետության շահերը և մշտապես տեղեկացնում միջազգային կառույցներին փոխգործակցության ղարաբաղյան կողմի պատրաստակամության մասին:
«Որ չստացվի այնպես, թե մենք հաշվի չենք առնում այլ պետությունների կարիքները: Այլ հարց է, որ մյուս կողմը չի ցանկանում գնալ համագործակցության»,- զրույցն ամփոփեց Դավիթ Բաբայանը:
Կոլաժի լուսանկարները՝ econews.am-ի , lifenkr.do.am-ի










