Կոմիտասում բնակիչները բողոքի են դուրս եկել ընդդեմ բարձրահարկ շենքի կառուցման

16:54 • 16.08.13

Մեկ ժամ առաջ Կոմիտաս փողոցի 5ա, 3 և 7 շենքերի բնակիչները կրկին բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանց բողոքն ուղղված է «Լիբեր» ՍՊԸ –ի դեմ, ով 5 հարկանի բնակելիների հարևանությամբ ցանկանում է 13 հարկանի շենք կառուցել:


«Սարդարապատ շարժում» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը Tert.am-ին հեռախոսով փոխանցեց, որ կարմիր բերետավորների օգնությամբ «Լիբեր» ՍՊԸ–ի շինարարները ճեղքել են բնակիչների պատնեշը: Տեղի է ունեցել քաշքշուկ: Ակցիայի մասնակից տարեց մի կին բժշկական օգնության կարիք է զգացել: Վերջինիս համար շտապօգնություն են կանչել և տեղափոխել հիվանդանոց:

 

Հիշեցնենք, որ Կոմիտաս փողոցի 5ա, 3 և 7 բնակելի շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն 2010թ-ից սկսել է 13 հարկանի շենքի շինարարություն, թեպետ փակցված ցուցանակում նշված է 8 հարկանի: Շենքերի բնակիչները պայքարում են բավական խիտ կառուցապատված այդ տարածքում ևս մեկ բարձրահարկի կառուցման դեմ:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր 2013թ-ի նախընտարական հանդիպումների ժամանակ հանդիպել էր կոմիտասցիների հետ և վստահեցրել, որ եթե նրանք չուզեն, ապա այդտեղ ոչ մի շենք էլ չի կառուցվի: Սակայն, ի հեճուկս քաղաքապետի խոստման, չորս տարի ձգձգված շինարարությունը վերսկսվել է, որն էլ զայրացրել է բնակիչներին, ովքեր հայտարարել են, որ իրենց բողոքի ակցիան անժամկետ է լինելու: