Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ–ում Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Գասերը, տեղեկացնում է նախագահական գրասենյակի կայքը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Շվեյցարիայի հետ փոխշահավետ համագործակցության շարունակականությունը բոլոր բնագավառներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով, և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այդ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների մասին, որոնք վերջին տարիներին զարգանում են ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության միջոցով:
Սերժ Սարգսյանը և դեսպան Լուկաս Գասերը հանդիպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:










