Մահացել է Zara բրենդի համահիմնադիր Ռոզալյա Մերան

13:15 • 16.08.13

Յոթանասուն տարեկանում մահացել է Իսպանիայի ամենահարուստ կինը՝ Zara հագուստի բրենդի համահիմնադիր Ռոզալյա Մերան, հայտնում է Forbes.ru-ն։

 

Մերան դստեր հետ Մենորկա կղզում հանգստանալիս օգոստոսի 14-ին ուղեղի կաթվածով ծայրահեղ վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մեկ օր անց մահացել է։

 

Նա Forbes-ի համաշխարհային վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 195-րդ տեղը՝ 6.1 մլրդ կարողությամբ, իսկ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում 66-րդն էր։

 

Ողբերգական լուրն արդեն հաստատել են Inditex ընկերությունում, որը Մերան իր ամուսնու՝ Ամանսիո Օրտեգայի հետ հիմնել էր 1963-ին։

 

Դերձակի մասնագիտությունը Մերան յուրացրել է դեռևս 11 տարեկան հասակում, երբ թողել է դպրոցն ընտանիքը պահելու համար։ Forbes-ի ցուցակում նա ամենահարուստ կինն էր նրանց շարքում, ովքեր չեն ժառանգել իրենց կարողությունը ծնողներից կամ ամուսիններից, այլ ստեղծել են զրոյից։