Հունական Սանտորինի կղզին կրկին հոսանքազրկվել է

12:57 • 16.08.13

Զբոսաշրջիկների շրջանում հայտնի հունական Սանտորինի կղզին կրկին ամբողջությամբ հոսանքազրկվել է: Վթարը մինչ այժմ չեն կարողանում վերացնել, գրում է ria.ru-ն:

 

Կղզին առաջին անգամ առանց լույսի էր մնացել երեքշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, Տիրա քաղաքի էլեկտրակայանում տեղի ունեցած հրդեհի պատճառով: Արտակարգ իրավիճակի պատճառով կղզու օդանավակայանի աշխատանքը չէր դադարեցվել:

 

Ինչպես հաղորդում են հունական ԶԼՄ-ները, հոսանքազրկումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ հունական ժամանակով ժամը 21:00-ին: Էլեկտրաէներգիայի մատակարարումը նախատեսվում էր վերսկսել գիշերը ժամը 1։00-ին, բայց մինչ այժմ խնդիրը վերացված չէ:

 

Էգեյան ծովում գտնվող կղզու քաղաքապետը՝ Նիկոս Զորզոսը, պահանջել է դատախազությանը ներգրավել դեպքը հետաքննելու աշխատանքներին: