Թուրքիան նշել է Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության ստեղծման նախապայմանը

14:40 • 16.08.13

Անկարան հայտարարել է, որ կտրականապես դեմ չի լինի Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի ստեղծմանը, գրում է Лента-ն՝ թուրքական «Հուրրիյեթին» հղումով։

 

Համաձայն առկա տեղեկությունների՝ Թուրքիայի ԱԳՆ և հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Սիրիայի քրդերի առաջնորդներից Սալիհ Մուսլիմի հետ դեռևս օգոստոսի 14-ին։

 

Բանակցությունների ընթացքում նրանք ասել են, թե որ պայմաններում են պատրաստ ընդունել Սիրիայում քրդական ինքնավար շրջանի ստեղծումը։ Համապատասխան որոշումը պետք է կայացնի Սիրիայի խորհրդարանը՝ այնտեղ ժողովրդավարական իշխանության հաստատումից հետո։

 

Ներկայում Անկարան խիստ ելույթներ է ունենում Սիրիայի ներսում քրդական ինքնավար շրջանի ստեղծման դեմ։


Թուրքական իշխանությունները զգուշանում են, որ նման ինքնավարությունը քաղաքացիական պատերազմի ընթացքում կարող է դառնալ Քրդական աշխատավորական կուսակցության թիկունքը, որը ցանկանում է հասնել Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջանների անկախությանը։

 

Թուրքերի հետ բանակցությունների ընթացքում Մուսլիմն ընդգծել է, որ ներկայում քրդերը չեն պատրաստվում ինքնավարություն հաստատել կամ անկախանալ, քանի որ «իրենց ապագան տեսնում են միայն Սիրիայի կազմում»։
 

Սիրիայի քրդերի ևս մեկ առաջնորդ՝ Ասիա Աբդուլլահն ավելի վաղ հայտարարել էր, որ շրջանը գտնվում է կիսաինքնավար կարգավիճակի ձեռքբերման երկրորդ փուլում։ Մասնավորապես, այնտեղ իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստություն, որոնք կիրականացվեն առանց Դամասկոսի հսկողության։

 

Սիրիայի քրդաբնակ շրջաններում արդեն գործում է ժամանակավոր գործադիր մարմին, որն ապահովում է բնակչության անհրաժեշտությունները, վերահսկում տարածքը՝ թույլ չտալով այնտեղ ո՛չ կառավարական զորքերի, ո՛չ ապստամբների մուտքը։

 

Թուրք դիվանագետները նշել են, որ Անկարան պատրաստ է հաշտվել դրա հետ, եթե այդ բոլոր ենթակառուցվածքները մշտական չեն և որևէ պաշտոնական կարգավիճակ չունեն։

 

Մինչ Սիրիայում հակամարտության սկիզբը քրդերն այստեղ զրկված էին իրավունքներից, նրանցից շատերն անգամ անձնագրեր չունեին, քանի որ փաստացի օտարներ էին համարվում։

 

Քրդերը որևէ ազգային-մշակութային ինքնավարություն չունեին։ Ընդդիմությունը, սակայն, ևս քրդերին ինքնորոշման իրավունք չէր խոստանում։

 

Սիրիայում քրդերը կազմում են բնակչության մոտ 10 տոկոսը։ Նրանք բնակվում են հիմնականում երկրի հյուսիս-արևելքում, ինչպես նաև Հալեպ և Իդլիբ շրջաններում։