Բակո Սահակյանն այցելել է Շուշիի երկրաբանական թանգարան (լուսանկարներ)
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է Շուշի քաղաքում կառուցվող երկրաբանական թանգարան և ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Արցախի նախագահը կարևորել է նման հաստատության առկայությունը Արցախում՝ նշելով, որ հանրապետությունում առաջին անգամ է ստեղծվում նմանատիպ թանգարան, և այն պիտի դառնա կարևոր գիտակրթական ու զբոսաշրջային կենտրոն:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է նաև Շուշիի կերպարվեստի պետական թանգարան և ներկա գտնվել Հադրութի շրջանի Տող գյուղի դպրոցի երեխաների հաշվետու համերգին: Կարևորելով այս միջոցառումների անցկացումը Շուշիում՝ Բակո Սահակյանը նշել է, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Շուշիի` Արցախի պատմամշակութային կենտրոնի երբեմնի փառքը վերականգնելու գործին:










