Դեդ Հասանի սպանությունից հետո պատերազմը սկսվեց. քրեագետը՝ սպասվող փոփոխությունների մասին

15:22 • 17.08.13

Թե ինչ նոր բախումներ են սպասվում քրեական հեղինակություններ Ասլան Ուսոյանի, Ռովշան Ջանիևի և Ջեմո Միքելաձեի կլանների ներսում, և թե այդ բախումներն ինչ ազդեցություն կթողնեն Հայաստանի քրեածին մթնոլորտի վրա, քրեագետ Սերգեյ Գալոյանը պատասխանեց, որ քրեական աշխարհում պատերազմը սկսվեց 2013թ. սպանված Դեդ Հասանի սպանությունից հետո:


«Երկու հակադիր խմբավորումների կողմից արդեն 125 մարդ սպանվել է, ու դեռ սպասվում են նոր զարգացումներ»,- ասաց նա, հավելելով, որ Ասլան Ուսոյանի թագի համար բավականին երկար ժամանակ պայքար էր գնում, հիմնական հավակնորդը ազգությամբ նույնպես եզդի Շաքրո Մալադոյն է, ում համար՝ վերջին տվյալներով, 572 օրենքով գողերից 126-ը համաձայնություն է տվել, որ նա զբաղեցնի Ուսոյանի տեղը:


Քրեագետի խոսքով՝ Շաքրո Մալադոյը շատ մոտ է եղել Դեդ Հասանին:


Իսկ թե դրանով պայմանավորված ի՞նչ փոփոխություններ կլինեն հայ իրականության մեջ, Սերգեյ Գալոյանն ասաց, որ հայ իրականության հետ Ասլան Ուսոյանի կապերը շատ անմիջական են, նա մոտ է եղել հայազգի օրենքով գող Սվո Ռաֆի հետ: «Հասկանալի է, որ այս իրավիճակները Հայաստանի վրա կազդեն, անպայման փոփոխություններ կլինեն»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ Հայաստանում օրենքով գողեր չկան, և հիմա Հայստանում վերջին օրենքով գողը, որ կար, Խոյեցյանն էր՝ «Խոյ» մականունով: «Օրենքով գող էսօր չկա, դա մի կողմից էսօրվա օրով լավ է, քանի որ այսօր քրեածին մեծ հանցագործություններ չկան, մյուս կողմից դա կբերի մի քնկոտ դաշտի, և ի հայտ կգան ավանտյուրիստներ, անարժան մարդիկ և կասեն, որ իրենք գող են»,- ասաց նա, ավելացնելով, որ 44 հայ օրենքով գող կա, որոնց մեծ մասը դրսում է, և այդ պատճառով իրավիճակը Հայաստանում վերահսկելի է: