Ֆիլիպիններում խորտակված նավի ավելի քան 210 ուղևոր անհայտ կորած է համարվում. կան տասնյակ զոհեր

09:48 • 17.08.13

Ֆիլիպիններում խորտակված նավի 217 ուղևոր անհայտ կորած է համարվում: Վթարի վայրում հայտնաբերվել է 24 հոգու դիակ։ Եվս մոտ 600 մարդու հաջողվել է փրկել, գրում է lenta.ru-ն:

 

Վթարի մասին առաջին հաղորդագրություններում նշվում էր, որ խորտակված նավի վրա գտնվել է մոտ 700 ուղևոր: Ավելի ուշ նավի սեփականատեր ընկերությունը ճշտել է, որ նավի վրա 841 մարդ է գտնվել՝ 723 ուղևոր և անձնակազմի 118 անդամ:

 

«Սենթ Թոմաս Ակինաս» ուղևորափոխադրող նավն ուրբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, ֆիլիպինյան Սեբու կղզու մոտակայքում բախվել էր բեռնատար նավի: Բախումից կես ժամ անց նավը խորտակվել էր: Տեղի ունեցած վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

 

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են տասնյակ ձկնորսական նավեր, առափնյա անվտանգությունը և Ֆիլիպինների ռազմածովային ուժերը:

 

Նման պատահարները հազվադեպ չեն Ֆիլիպինյան կղզիների տարածքներում, որտեղ նավերի հնացած և վատ տեխնիկական սարքավորումները հաճախ հանգեցնում են աղետների: