Հասարակական նախաձեռնությունները կոչ են անում չեղյալ համարել «գենդերի» մասին օրենքը
«Ո՛չ գենդերային այլասերումին» և «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական նախաձեռնությունները կոչ են անում մտավորականությանը, բոլոր մտահոգ կազմակերպություններին, լրատվամիջոցներին, անհատներին՝ միանալ «գենդերի» մասին օրենքը («Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենք)և նմանօրինակ այլասերումները կանխելու գործին:
Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց հրապարակախոս Լիա Ավետիսյանը: «Այս տխրահռչակ օրենքի հեղինակները խաբեբաներ են, իսկ օրենքը լրիվ քաղաքական է: Մեր Ազգային Ժողովն այս օրենքով ներկայացրեց, թե որքան անմակարդակ է: Այս օրենքը պետք է անհապաղ չեղյալ ճանաչել»,- ասաց նա:
Վերջինիս ներկայացմամբ՝ առաջին պահանջն է՝ հետ կանչել այդ օրենքի նախագիծը: «Այդ սահմանումը դուրս է գալիս կնոջ և տղամարդու իրավահավասարության ավանդական տարբերակից, իսկ պետությունն էլ պարտավորվում է պահպանել գենդերային վարք ունեցող քաղաքացիների իրավունքները և շահերը ժողովրդի միջոցներով գանձված բյուջեի հաշվին»,- ասաց նա, ընդգծելով, որ վտանգված է ոչ միայն մեր, այլև մեր սերունդների ապագան:
Կոչի հաջորդ պահանջն է՝ փոփոխություն կատարել համապատասխան օրենքում և որոշումներում՝ արգելելով այլասերող կողմնորոշումների և դրանց համապատասխան կենսակերպի քարոզը, գովազդը, հատկապես անչափահասների շրջանում: Ինչպես նաև նախապատրաստել և հանրային քննարկման դնել երիտասարդ սերնդի բարոյական վիճակի բարելավմանն ուղղված կրթական համակարգի բարեփոխումներ, հանրային ծրագրեր:










