Գերմանիան կդառնա եվրոպական առաջին պետությունը, որտեղ կտրվի «երրորդ գենդերի» ծննդյան վկայական
Գերմանացի ծնողներն այլևս ստիպված չեն լինի իրենց նորածին երեխային ծննդյան վկայականում գրանցել որպես արական կամ իգական սեռի ներկայացուցիչ: Նրանց պաշտոնապես կթույլատրվի երեխային տալ «երրորդ գենդեր», եթե ծնվելուց նրա սեռը հնարավոր չլինի հեշտությամբ պարզել, գրում է rt.com կայքը:
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:
Նորածինների ծնողներին թույլ կտրվի ծննդականում դատարկ թողնել սեռի հատվածը, եթե երեխան ծնվել է արտասովոր ֆիզիկական հատկանիշներով՝ այսպիսով անհնարին դարձնելով նրա սեռը պարզելը:
Նոր օրենքը վերաբերելու է հերմաֆրոդիտներին, ովքեր ունեն և՛ կնոջ, և՛ տղամարդու ֆիզիկական հատկանիշներ:
Գերմանիան եվրոպական առաջին պետությունն է, որ նման օրենսդրական փոփոխություն է իրականացնում:
Ավստրալացիները 2011 թվականից թույլատրել են իրենց քաղաքացիներին անձնագրում սեռի կողքը նշել X: Այս օրինակին է հետևել Նոր Զելանդիան: Երկու երկրներում, ակտիվիստների խոսքերով, օրենսդրությունն օգնել է վերացնել տրանսսեքսուալների և անորոշ սեռ ունեցող անձանց հանդեպ խտրականությունը:










