Երբ ադրբեջանցի ռազմագերին վերադառնա, իրենից հարցնեն, թե ինչո՞ւ հիմա. ՀՀ ՊՆ-ի արձագանքը ադրբեջանական կողմի հարցադրմանը
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ադրբեջանական կողմի արձագանքը՝ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակելու առաջարկին։
Ադրբեջանական լրատվամիջոցներով Ադրբեջանի ՊՆ խոսնակի առաջ քաշած հարցադրմանը, թե ինչո՞ւ մինչ այժմ երրորդ երկիր մեկնել ցանկացող Ֆարաջևը հանկարծ ցանկություն է հայտնել Ադրբեջան վերադառնալու. Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ ռազմագերին իրենց մոտ կլինի, այդ ժամանակ իրենք թող հարցնեն, թե ինչո՞ւ հենց հիմա ցանկություն հայտնեց վերադառնալու Ադրբեջան»։
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայկական կողմը լավ է վերաբերվել ադրբեջանցի ռազմագերուն և չի խոչընդոտել նրա շփմանը։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր, որ իրենց հայտնի է հայկական կողմի՝ ռազմագերիներին փոխանակելու առաջարկության մասին։
«Ֆիրուզ Ֆարաջևը գերի է ընկել ավելի քան մեկ տարի առաջ։ Հայկական լրատվամիջոցները, հղում անելով Ֆիրուզ Ֆարաջևի հարցազրույցին, կարող են պնդել, որ նա միշտ հայտարարել է երրորդ երկիր մեկնելու ցանկության մասին։ Ի՞նչ է փոխվել այժմ։ Դժվար չէ հասկանալ։ Հայաստանի պաշտպանության նախարարության նման հայտարարությունը կապված է գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի հետ»,-ասել էր նա՝ հավելելով, որ այդ հարցով զբաղվում են
Ադրբեջանի համապատասխան կառույցները։
ԳԱԼԱ-ն կարողացել է կապ հաստատել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ։ Էլդար Սաբիրօղլուն ի պատասխան լրագրողի հարցադրմանը՝ հայ ռազմագերու ինքնազգացողության վերաբերյալ, պատասխանել է, որ նա իրեն նորմալ է զգում։
Սաբիրօղլուն ևս մեկ անգամ համոզված ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հայ ռազմագերու հետ կապված Ժնևյան կոնվենցիայի որևէ դրույթ չի խախտել:
ՊՆ խոսնակի հետ զրույցում կայքի լրագրողը հիշեցրել է, որ համաձայն Ժնևյան կոնվենցիայի՝ ռազմագերինգերին յոթօրյա ժամկետում պետք է իր ընտանիքի անդամներին ուղարկի բաց նամակ և տեղեկացնի իր որպիսությունն ու գտնվելու վայրը, այնինչ ադրբեջանական սահմանը պատահմամբ հատելուց հետո անցել է տասը օր, սակայն Հակոբից նրա ընտանիքի անդամները որևէ տեղեկություն չունեն (բացառությամբ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի՝ Հակոբի հետ ունեցած հակաօրինական հարցազրույցը), իսկ ԿՄԽԿ-ի Ադրբեջանի գրասենյակից, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջինիս չեն այցելել և չգիտեն, թե նա ինչ առողջական վիճակում է:
Հիշեցմանը Ադրբեջանի ՊՆ խոսնակը որևէ կերպ չի արձագանքել և միայն նշել է. «Я все»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ










