50 տարի ետ. BBC-ն «կհայտնվի» Ջոն Քենեդու սպանության ժամանակաշրջանում

11:11 • 17.08.13

Բրիտանական հանրահայտ BBC հեռուստառադիոկորպորացիան փոփոխելու է իր ռադիոկայանի ծրագրերի 3-ժամանոց հատվածը՝ 20-րդ դարի ամենահայտնի իրադարձություններից մեկի՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու սպանության ժամանակաշրջանում «հայտնվելու» համար, գրում է Independent-ը:

 

Radio 2-ի պատմական հեռարձակումը, որը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ողբերգության 50-րդ տարելիցի օրը, կվարեն Ջերեմի Վայնը և Դերմոնթ Օ’Լիրին:

 

Պատմությունը կպատմվի րոպե առ րոպե՝ սկսած այն պահից, երբ նախագահական շարասյունը դուրս է գալիս Դալասի «Լավ Ֆիլդ» օդանավակայանից, վերջացրած այն պահով, երբ փոխնախագահ Լինդոն Ջոնսոնը երեք ժամ անց երդվում է որպես նախագահ:

 

BBC-ն կհեռարձակի իրադարձություններն օրվա հենց այն ժամին, երբ դրանք տեղի են ունեցել:Սպանությունը տեղի էր ունեցել Բրիտանիայի ժամանակով երեկոյան 18:30-ին: Ռադիոյի ղեկավարության կարծիքով՝ չնայած ունկնդիրները շատ լավ ծանոթ են պատմությանը, բայց 50 տարի անց կկարողանան զգալ, թե ինչպես էր զարգանում այդ պատմությունն իրական ժամանակում:

 

Նախորդ տարի ռադիոկայանը «հայտնվել» էր «Տիտանիկ» նավի խորտակման ժամանակաշրջանում՝ ողբերգության 100-ամյակի առիթով: