Կատուն 1 ժամ «պտտվել» է լվացքի մեքենայում և ողջ մնացել

14:55 • 17.08.13

Մեծ Բրիտանիայում երկու ամսական կատուն հրաշքով ողջ է մնացել՝ մեկ ժամ լվացքի մեքենայում «պտտվելուց» հետո, հայտնում է Life News-ը։

 

Պոպետ անունով ընտանի կենդանին քնած է եղել լվացքի մեքենայում, երբ նրա տիրուհին՝ 27-ամյա Լոռա Ջիլհոլմը, որոշել է լվացք անել՝ չնկատելով կատվին։ 

 

«Երբ բացեցի լվացքի մեքենայի դուռը, սարսափ ապրեցի։ Պոպետն անգիտակից պառկած էր մեքենայում։ Ես մի կերպ ուժերս հավաքեցի և օգնության կանչեցի հարևանին։ Նա նույնիսկ արհեստական շնչառություն տվեց կատվիս, սակայն դա էլ չօգնեց, և մենք վազեցինք անասնաբուժական կլինիկա»,- պատմել է տիրուհին։

 

Անասնաբույժին հաջողվել է կատվին փրկել։ Ըստ նրա՝ կենդանու բախտն ուղղակի բերել է։

Լոռան ասել է, որ այսուհետ լվացք անելուց առաջ նա անպայման կստուգի սարքի ներսը, նոր միայն կանցնի գործի։