Ըստ շենգավիթցիների՝ եթե ԱԻՆ փրկարարների հետ շուն լիներ, երիտասարդը գուցե փրկվեր (լուսանկարներ)

14:01 • 17.08.13

Օգոստոսի 16-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցում տեղի էր ունեցել դժբախտ պատահար: Կոյուղի անցկացնելու նպատակով փորված բավականին խորը փոսում հողի 3 մետր հաստության շերտի տակ հայտնված 35-ամյա Սեդրակ Մամիկոնյանի կյանքը փրկել չէր հաջողվել: Թաղի բնակիչները Tert.am-ին փոխանցեցին, որ Նախկին Կերամիկայի գործարանի հարևանությամբ 20 մ երկարությամբ, 3 մ խորությամբ և 1 մետր լայնքով փոսը փորվել էր անհատ անձի նախաձեռնությամբ՝ առանց համապատասխան կառույցների օրինական թույլտվության:


Գործարանի մերձակա բնակելի տների բնակիչների պատմելով՝ մահացողը պարզապես օգնել է ընկերոջը: Նրանց կարծիքով՝ Սեդրակը կփրկվեր, եթե ԱԻՆ ծառայության փրկարարները դեպքի վայրում աշխատեին շան օգնությամբ: Բնակիչներից Ալլա Մ.-ն հիշեց 88-ի երկրաշարժը, երբ փլատակների տակ մարդկանց որոնումն առավել արդյունավետ էր դառնում հենց այս խելացի կենդանիների շնորհիվ:


«Առաջին բրիգադան եկավ, հետները շուն չէին բերել, երկրորդ բրիգադան եկավ, էլի առանց շան: Մարդիկ թափվել էին փոսի վրա, փորում էին՝ կոնկրետ ուղղությունը չիմանալով: Որ շուն լիներ, երևի Սեդրակին ավելի շուտ հանեին, որովհետև իրա ձայնը ահագին վախտ լսվել է»,- նկատեց տիկին Ալլան:


Փրկարարական աշխատանքներին մասնակցած մի բնակիչ պատմեց, որ Սեդրակը տանը քնած է եղել, երբ ընկերը կանչել է, որ իրեն օգնի: Ներքևում աշխատողներին ուղղություն ցույց տալու նպատակով Սեդրակը ոչ թե իջել է փոսը, այլ բացվածքի եզրին կուտակված հողաշերտի գլխին պպզած՝ հրահանգներ է տվել: Հավանաբար չդիմանալով ծանրությանը՝ հողաշերտը միանգամից սահել է ներքև՝ իր հետ տանելով նաև Սեդրակին: Ծանր կավահողը միանգամից լցվել է երիտասարդի վրա:


11-րդ փողոցի բնակիչներից Արսենն, ով այդ ժամանակ շատերի հետ վազել է օգնության և Սեդրակին հանելու պահին էլ գտնվել է այդտեղ, ասաց, որ երիտասարդի դեմքն ամբողջովին կապտած է եղել: Ըստ Արսենի՝ Սեդրակն արդեն մահացած է եղել, սակայն շտապօգնության բժիշկն, ամեն դեպքում, տեղում մահ չի արձանագրել և տղային տեղափոխել են«Էրեբունի» բժշկական կենտրոն:


«Իմ կարծիքով, երևի բժշկի լեզուն էլ չէր պտտվի, որ ասեր՝ թե մահացած է: Էնտեղ Սեդրակի հարազատներն էին կանգնած, որ լացում-ողբում էին, երևի դրա համար էլ ասեց՝ որպես բժիշկ, որ տեղափոխեն հիվանդանոց, փորձեն ինչ-որ բան անել: Չգիտեմ, չեմ կարող ասել»,- կարծիք հայտնեց Արսենը:


Վերջինս պատմեց, որ փրկարարական աշխատանքների ժամանակ տուժել է ևս մի երիտասարդ: «Օգնության ժամանակ հետներս մի հատ ջահել երեխա կար, հողը որ 2-րդ անգամ փլվեց, էդ տղան էլ հայտնվեց փոսում, բայց իրան շատ բան չեղավ, անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց, բայց Սեդրակին խեղդված հանեցինք: Երևի մի ժամից ավելի հող էինք դուրս թափում»,- պատմեց Արսենը:


Սեդրակ Մամիկոնյանն ամուսնացած էր, հարևանների փոխանցմամբ՝ ուներ 8 և 10 տարեկան երկու երեխա: Դեպքի օրը կինն ու զավակները բացակայել են քաղաքից՝ հանգստանալու նպատակով մեկնել էին Արթիկի գյուղերից մեկը: Օգոստոսի 16-ին կինը զանգահարել է ամուսնուն և հորդորել, որ միանա իրենց, սակայն Սեդրակը հրաժարվել է: Գերադասել է գնալ և օգնել ընկերոջը: