Սիրիայի զորքերը վերահսկողության տակ են առել Դամասկոսի մի քանի բնակավայրեր
Սիրիական զորքերը մի շարք գործողություններ են իրականացրել Դամասկոսի արվարձաններում։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ սիրիական ՍԱՆԱ գործակալությանը հղումով։
Մայրաքաղաքի Բարզե շրջանում և Ջուբար արվարձանում կառավարական զորքերը ոչնչացրել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամների և նրանց զինամթերքը, այդ թվում՝ ծանր զրահամեքենաները։
Դումա քաղաքի արդյունաբերական շրջանում ևս խիստ մարտեր են տեղի ունեցել։ Զինյալ ահաբեկիչները ծանր կորուստներ են կրել, սակայն տեղեկություն չկա այն մասին, որ կառավարական զորքերը վերահսկողություն են սահմանել այդ տարածքում։
Գործակալության տվյալներով՝ փոխհրաձգությունը շարունակվել է նաև Հարասթա քաղաքում և Հոմս-Դամասկոս ճանապարհին։
Տեղեկություններ են ստացվել «Ախրար աշ-Շամ» խմբավորման հրամանատարներից Օմար Դուքարի մահվան մասին։
Լաթաքիա նավահանգստային քաղաքի մոտակայքում ևս մարտերը շարունակվել են։
Սիրիայի քրդերը, որոնք բնակվում են երկրի հյուսիս-արևելքում, հայտարարել են, որ դիմակայելու են զինյալ խմբավորումներին, այդ թվում՝ «Ջեբհաթ ան-Նուսրային», որպեսզի պաշտպանեն իրենց և իրենց ընտանիքները։










