Գյումրիում ցայտաղբյուրների վրա ջրաչափեր տեղադրելու առաջարկ է արվել
«Շիրակ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ն առաջարկել է Գյումրիի քաղաքապետարանին ջրաչափեր տեղադրել քաղաքի հրապարակներում, փողոցների և շենքերի մերձակա տարածքներում կառուցված մոտ 700-ի հասնող ցայտաղբյուրների վրա: Քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ հարցը քննարկման փուլում է:
«Որովհետև դեռ հասկանալի չէ, թե այդ վճարներն ումից պիտի գանձի ջրմուղը: Քաղաքապետարանն այդքան բյուջե չունի, որ հիմա էլ ցայտաղբյուրների համար վճարումներ կատարի: Եվ հետո, չմոռանանք, որ բացի շատրվաններից, որ համայնքապատկան են, ցայտաղբյուրների 90 տոկոսը բնակիչների նախաձեռնությունն է: Պարզապես դեռ հասկանալի չէ, թե ջրմուղն ինչ մեթոդներով պիտի կատարի գանձումները»,- նշեց Կնյազ Մանասյանը:










