Եվրամիությունն իր դիտորդներին կուղարկի Իսպանիայի և Ջիբրալաթարի սահման
Եվրամիությունը դիտորդներ կուղարկի Իսպանիայի և Ջիբրալթարի սահման՝ պարզելու Պիրենեյան թերակղզում գտնվող բրիտանական այս տարածքի շուրջ Լոնդոնի և Մադրիդի միջև ծագած վեճի պատճառը, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ բրիտանական ԶԼՄ-ներին հղումով, որոնք էլ այդ տեղեկությունը ստացել են Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնական ներկայացուցչից:
Իրավիճակը տարածաշրջանում սրվել է, երբ հուլիսի 24-ին Ջիբրալթարի իշխանությունները որոշում են կայացրել 70 բետոնե բեկորներ ծովը նետելու մասին՝ այդպիսով արհեստական խութ ստեղծելով և մեծացնելով ձկան որսի հնարավորությունը բրիտանացիների համար:
Այս միջոցառումը դժվարացրել է իսպանացի ձկնորսների գործը՝ անհասանելի դարձնելով ձկան որսը բրիտանական տարածքի մոտ:
Ի պատասխան՝ Իսպանիան խստացրել է Ջիբրալթարի հետ սահմանի հատման գործընթացը, ինչը հաճախակի առաջացող խցանումների պատճառ է դարձել:










