Եթե 2020թ.-ի Օլիմպիական խաղերը Ստամբուլում չանցկացվեն, դրա մեղավորը Գեզի այգու ցուցարարները կլինեն. Բաղըշ
Եթե Ստամբուլը չընտրվի որպես 2020թ.-ի Օլիմպական խաղերն անցկացնելու վայր, դրա մեղավորը կլինեն Գեզի պուրակի ցուցարարները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթը», Բաղըշն ասել է, որ Գեզի այգու ցուցարարները մի քանի անգամ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտե, որպեսզի հրաժարվեն 2020թ.-ի Օլիմպիական խաղերը Ստամբուլում անցկացնելուց։
«Ստամբուլն Օլիմպիական խաղերն անցկացնելու բոլոր չափանիշերին համապատասխանում է։ Եթե Ստամբուլն ընտրվի որպես 2020թ.-ի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացման քաղաք, դա հաջողություն կլինի ողջ մուսուլմանական աշխարհի համար»,-ասել է Բաղըշը։
Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ «աշխարհի ամենամեծ երկրներից Ստամբուլը մի շարք արժանիքներ ունի» և միակ պակասն այդ երկրում Օլիմպիական խաղերի անցկացումն է։ «Այդ միակ բացն էլ, Աստված տա, սեպտեմբեր ամսին կայացվելիք որոշումից հետո կլրացվի»,-ասել է Բաղըշը։










