Հայոց ցեղասպանության ճանաչումը վահան է պատմության համար. ՌԴ Հանրային պալատի անդամ

11:25 • 19.08.13

ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովն աջակցություն է հայտնել Ուկրաինայի հայազգի պատգամավորներ Վիլեն Շատվորյանի և Արսեն Ավակովի նախաձեռնությանը, որն ուղղված է Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, գրում է AnalitikaUA.net -ը։

 

«Հուսադրող է, որ առաջարկության հեղինակներն Ուկրաինայի երկու հակադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են։ Ես կարծում եմ, որ ջարդերը Սիրիայում, պատմական և քրիստոնեական վանքերի ավերումը Եգիպտոսում տեղի են ունենում պատմության վայրագությունների հանդեպ մարդկության կարճ հիշողության պատճառով»,-ասել է նա։

 

Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական դատապարտումը պարզապես պատմական հիշողությանը հարգանքի տուրք չէ, դա պատմության վահան է, որը կարող է կանխել աշխարհի տարբեր անկյուններում սարսափելի իրադարձությունները։

 

Ինչպես արդեն հաղորդվել էր, Ուկրաինայի Գերագույն ռադան հունիսի 6-ին գրանցել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ճանաչել 1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Ցեղասպանությունը։

 

Օրինագծի հեղինակները Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովն են։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն աջակցություն է հայտնել այդ նախագծին։