Մուբարաքը կարող է ազատ արձակվել արդեն այս շաբաթ. փաստաբան
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի փաստաբանը հայտարարել է, որ Մուբարաքին կարող են ազատ արձակել արդեն այս շաբաթ՝ կոռուպցիայի մեղադրանքը հանելուց հետո, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Reuters-ին հղումով։
Մուբարաքի գործի շրջանակներում մեղադրող կողմը փորձում էր ապացուցել, որ նախկին նախագահն ու նրա որդիները երկրի բյուջեից յուրացրել են ավելի քան 1 մլրդ ֆունտ (150 մլն դոլար), որը նախատեսված է եղել երկրի ղեկավարի նստավայրի վերանորոգման համար։
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը բանտում է արդեն ավելի քան երկու տարի։ 2012թ.-ի հունիսին դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 2011թ.-ի հունվարյան ցույցերի ընթացքում ցուցարարների մահվան համար։
Սակայն ավելի ուշ այդ դատավճիռը չեղյալ էր համարվել վերին ատյանների կողմից։
Մուբարաքն ու նրա երկու որդիները դատարանի որոշմանն են սպասում մի քանի գործերի հետ կապված ևս, այդ թվում՝ կոռուպցիայի։
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական էր տվել 2011թ.-ի փետրվարի 11-ին, երկրում չդադարող ցույցերի հետևանքով։ Ոստիկանության և ցուցարարների բախումների ընթացքում զոհվել էր ավելի քան 800, վիրավորվել՝ մոտ 2.000 մարդ։










