Ուռեկիում հեղեղներ են, ՀՀ քաղաքացիների հետ կապված արտակարգ դեպք չկա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն չունի այն մասին, որ Վրաստանի Ուռեկի մերձափնյա բնակավայրում հորդառատ անձրևների և սողանքի հետևանքով խոշոր վնասներ են եղել, խաթարվել է երթևեկությունը և զբոսաշրջիկները շտապում են հեռանալ այնտեղից:
Նախարարության հերթապահ մասից Tert.am-ին տեղեկացրին, որ իրենք կապ ունեն վրացի գործընկերների հետ և իրենց ոչ մի բան չեն ասել:
Վրաստանում ՀՀ արտակարգ և Լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյան Tert.am–ին ասաց, որ արտակարգ ոչ մի դեպք ՀՀ քաղաքացիների հետ կապված այս պահին գրանցված չկա:
Նշենք, որ, ինչպես հաղորդում է «Գրուզիա օնլայնը», օգոստոսի 18-ին Ուռեկիում տեղացած հորդառատ անձրևները ենթակառուցվածքներին խոշոր վնաս են հասցրել: Հանգստավայրի հարակից շրջաններից մեկի ճանապարհին սողանք է եղել և կասեցվել է ավտոմոբիլային երթևեկությունը:
Փրկարարներն ամբողջ գիշեր օգնություն են ցուցաբերել տեղի բնակչությանը, բայց քանի որ վնասների մասշտաբները մեծ են, տեղական փրկարարական ծառայությունների ռեսուրսները չեն բավարարել:
Կայքը հաղորդում է նաև, որ Ուռեկիում հանգստացող շատ մարդիկ փորձում են շտապ հեռանալ:
Ինչ վերաբերում է զբոսաշրջիկների ետ վերադառնալու հանգամանքին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից Tert.am-ին ասացին, որ արտակարգ իրավիճակ չկա, մարդիկ գնում են Վրաստան, ետ վերադարձողներ էլ կան, և նրանց թվի կտրուկ ավելացում այսօրվա դրությամբ չկա:










