Եգիպտոսում հեղաշրջման համար Էրդողանը մեղադրել է Իսրայելին
Եգիպտոսում տեղի ունեցած հեղաշրջման հետևում Իսրայելն է։ Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք փաստեր ունենք։ 2011թ.-ի ընտրությունների նախաշեմին (Եգիպտոսում) ֆրանսիական մտավորականության ներկայացուցիչներից մի հրեա ասել է այդ մասին։ Նա հաղորդել է, որ «Մուսուլման եղբայրները», անգամ եթե հաղթեն ընտրություններում, չեն մնա իշխանության, քանի որ «ժողովրդավարություն» ասվածը դեռ ընտրությունները չեն»,-ասել է Էրդողանը։
Թուրք վարչապետը նաև դիմել է Արևմուտքին՝ խորհուրդ տալով ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ է «ժողովրդավարությունը»։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը նաև հավելել է, որ եթե արևմտյան երկրները դա չանեն, հակամարտություններն ու բախումները կտեղափոխվեն երկրագնդի այլ վայրեր։
Իր ելույթում Էրդողանը նաև անդրադարձել է իր հասցեին հնչած մեղադրանքներին, թե ինքը բռնապետ է։ «Ցանկանո՞ւմ եք բռնապետ տեսնել, մեկնեք Եգիպտոս»,-ասել է նա։
Եգիպտոսում հուլիսի 3-ին հեղաշրջում է տեղի ունեցել։ Զինվորականներն իշխանությունից հեռացրել են երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին և դադարեցրել գործող Սահմանադրության գործունեությունը։ Երկրի ժամանակավոր նախագահն է Ադլի Մանսուրը։










