Մեղադրանքներ են ներկայացվել ԱՄՆ-ում անձնական տվյալների գողության համար ձերբակալված հայերին
ԱՄՆ-ում մեղադրանքներ են ներկայացվել անցած երեքշաբթի ձերբակալված հայերին. Էդգար Ալավերդյանը, Լևոն Մկրտչյանը, Կարեն Նազարյանը, Սերոբ Եգոյանը, Էդվարդ Մարտիրոսյանը և Էմիլ Մորկուսը մեղադրվում են կրեդիտ քարտերի հետ կապված խարդախությունների համար, գրում է Glendale News Press-ը:
Գլենդեյլի ոստիկանության տվյալներով՝ այս ցանցի թիրախ են դարձել հազարավոր մարդիկ, որոնց կրեդիտ քարտերի տեղեկությունը գողացվել է՝ բենզին գնելու նպատակով, որն այնուհետ թանկ գնով վաճառել են։
Ձերբակալության հրաման է արձակված նաև հանցավոր խմբի այլ ներկայացուցիչների՝ Հրաչ Կեյոյի, Վաչիկ Բաբայանի և Դավիթ Եզգաթյանի համար:
Երեքշաբթի օրը կատարված խուզարկումների արդյունքում ոստիկանությունն առգրավել էր զենք, քարտ պատճենահանող սարքեր, կրեդիտ քարտեր, երկու բեռնատար, որոնք օգտագործվել են բենզինը պահելու համար, համակարգչային տեխնիկա և սարքավորումներ: Նրանք նաև հայտնաբերել էին 60 հազար դոլար գումար:










