Արարատի մարզում բնակիչները փակել են մայրուղին՝ «Հյուսիս–Հարավ» մայրուղու պատճառով
Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի և հարակից երեք գյուղերի բնակիչներ այսօր որոշ ժամանակով փակել էին Արարատի մարզի մայրուղին՝ ի նշան բողոքի, որ «Հյուսիս–Հարավ» մայրուղու կառուցման պատճառով գյուղերի բնակիչները զրկվելու են ուղիղ ճանապարհով Մասիսի քաղաք մտնելուց, այս մասին հաղորդում է Galatv.am-ը:
Բնակչները պնդում են, որ նաև չեն կարողանալու մայրուղու մյուս մասում գտնվող իրենց հողերը մշակել, քանի որ փակվելու է իրենց ճանապարհը, իսկ տարածքը շրջանցելու համար նրանք պետք է 10 կմ–ից ավել ճանապարհ անցնեն:
Խնդրի վերաբերյալ գյուղացիների հետ զրուցելու է եկել Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որը խոստացել է հարցին լուծում տալ մինչև սեպտեմբերի 1-ը:
Մարմարաշենի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեռևս դեկտեմբեր ամսին իսպանական շինարարական մի կազմակերպություն իրենց համայնքին հրավիրել է ժողովի իրենց դպրոցի դահլիճում և բնակիչներին ներկայացրել են իրենց կազմած արագընթաց ճանապարհի ծրագիր, որը պետք է անցնի Մարմարաշեն համայնքով:
Գյուղացիներից մեկը պատմել է, որ չնայած իրենց ներկայացրած դիտողություններին և բողոքներին, որ Մարմարաշեն գյուղի ճանապարհի վրա լինի կամուրջ՝ մի քանի կողմերով, անցել է ութ ամիս, և ոչ մի գործողություն չի կատարվել այդ ուղղությամբ:
«Եվ այդ պատճառով համայնքի ժողովուրդը բարկացած է, տրամադրությունը լարված է, և դուրս է եկել ճանապարհը փակի, որպեսզի վերադասը գա լսի մեր պահանջները: Մենք 700 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունենք, և պետք է գետնանցում լինի, որ անցկացնենք մյուս կողմը արածեցնելու համար»,- ասել է գյուղացին՝ տեղեկացնելով, որ քսան օր առաջ գյուղի ազատամարտիկներից մեկը վթարի են ենթարկվել՝ անասունին ճանապարհն անցկացնելիս:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այստեղ։










