Լեհաստանի լողափերից մեկում ֆուտբոլասերները ծեծել են մեքսիկացի նավաստիներին (տեսանյութ)
Լեհաստանի ֆուտբոլի երկրպագուները հարձակվել են մեքսիկացի նավաստիների վրա, ովքեր հանգստանում էին երկրի հյուսիսում գտնվող Գդինյա քաղաքի լողափում, գրում է Взгляд-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հանգստացողներից մեկը սիրողական տեսախցիկով նկարահանել է կռիվը: Ոստիկանությունն ուսումնասիրում է տեսագրությունը, հարցաքննում կասկածյալներին՝ պարզելու համար, թե ինչն է դարձել կռվի պատճառ:
Ականատեսները պատմում են, որ հարյուրավոր ֆուտբոլասերներ լողափ էին եկել երեկոյան սպասվող խաղից առաջ: «Երկրպագուներն իրենց ահավոր էին պահում: Անընդհատ հրավառություն էին բաց թողնում և ֆաշիստական երգեր էին երգում: Իհարկե, ոչ մեկ չէր արձագանքում»,- պատմել է ականատեսներից մեկը Radio Gdansk-ին:
Մեկ ուրիշ ականատես ասել է, որ երբ սկսվել է կռիվը, «30 երկրպագու 1 նավաստու դեմ» է եղել: Կռիվը բավականին դաժան է եղել, ականատեսների խոսքերով՝ նավաստիների գլխին շշեր են ջարդել, իսկ ոստիկանությունը 50 րոպե անց է դեպքի վայր եկել:
Մեքսիկայի իշխանությունները դեպքի հետ կապված իրենց վրդովմունք են հայտնել Լեհաստանի դեսպանությանը:










