ՓԲ նախագահը պետք է աջակցի պալատի անդամներին. փաստաբանի ակնկալիքը ՓԲ նախագահի ընտրությունից
Սեպտեմբերի 14-ին կայանալիք ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություններից փաստաբան Տիգրան Եգորյանը մեկ կարևոր ակնկալիք ունի, որ փաստաբանի գործունեության ընթացքում, մասնավորապես՝ պետական մարմինների հետ փոխհարաբերությունների շրջանակում, պալատը գործուն և իրական աջակցություն ցուցաբերի:
Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Եգորյանը պատասխանելով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Փաստաբանների պալատի նորընտիր նախագահից և՛ բարեփոխումների, և՛ մարդկային հատկանիշների դրսևորման տեսանկյունից, Տիգրան Եգորյանը նշեց, թե Ոստիկանության հետ առկա փոխըմբռնման հուշագրի շրջանակներում Ոստիկանության առանձին պաշտոնյաներ, անցնելով իրենց լիազորությունների շրջանակները և խախտելով թե ՛ մարդու, թե՛ փաստաբանի իրավունքները, իրենց վերադասների կողմից արժանանում են հովանավորչության՝ բոլոր թույլատրելի և անթույլատրելի միջոցների գործադրմամբ՝ ընդհուպ մինչև օրենքի պահանջների անտեսում, իրականության խեղաթյուրում:
«Իսկ ՀՀ փաստաբանների պալատը ունենալով բոլոր իրավական հիմքերը զուտ օբյեկտիվության շրջանակներում պաշտպանելու իր անդամին, անհասկանալիորեն փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և կարգապահական տույժի է ենթարկում փաստաբանին»,- ավելացրեց փաստաբանը:
Նրա խոսքով՝ այսօրինակ խնդիրներն, իհարկե, իրենց դրսևորումն են ստանում տարբեր իրավիճակներում , այդ թվում նաև տարբեր առանցքային հարցերի շուրջ փաստաբանների կոնսոլիդացիա ապահովելու անհրաժեշտության պայմաններում:
Այսուհանդերձ, ըստ Տիգրան Եգորյանի այդ անցանկալի երևույթը կախված չէ միայն մեկ անձից, սակայն կոնկրետ ժամանակահատվածով ընտրված նախագահի հռչակած և հետապնդվող ուղղություններն ու արժեքները խիստ էական են պալատում տիրող ընդհանուր քաղաքականությունն առողջացնելու և ճիշտ զարգացումն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում այս պահին առաջադրված են ՓՊ նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Աշոտ Թադևոսյանը , իսկ Կրոմվել Գրիգորյանը կառաջադրվի այսօր:
Հիշեցնենք նաև, որ առաջադրումների փուլ է սահմանված օգոստոսի 17-22-ը: Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ:










