Արաբկիրի ոստիկանապետը սպառնացել է երիտասարդ աղջկան. Կոմիտաս 5-ում բողոքի ակցիան սկսվել է առավոտյան ժամը 6-ից (տեսանյութ)
Կոմիտաս փողոցի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչներն այսօր ստիպված էին եղել արթնանալ առավոտյան ժամը 6-ին՝ հարակից տարածքում գտնվող շինհրապարակ մուտք գործող տեխնիկայի աղմուկից: «Աղմուկ լսեցինք, ելանք-տեսանք տեխնիկան փողոցի վրա կանգնած է, 6 անց 5 արդեն մտել էր տարածք: Մենք լուսամուտից նայում էինք ու անմիջապես վազեցինք ներքև»,- պատմեց բողոքի ակցիայի մասնակից տարեց կանանցից մեկը:
Բնակիչները լցվել են շինարարական հրապարակի տարածք և արգելել շինարարին աշխատել: Անուշավան անունով մեկը տեղավորվել է էքսկավատորի մեջ՝ հնարավորություն չտալով վարորդին վերսկսել աշխատանքները: Բողոքի ակցիայի մասնակիցները անհանգստանում էին, որ երիտասարդին ոստիկանները բերման կենթարկեն՝ ապօրինաբար ուրիշի գույքին տիրանալու համար:
Կոմիտասի 7 շենքի բնակչուհի Լուսինե Գասպարյանը տարածքում հավաքված լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնեց, որ Արաբկիր վարչական շրջանի ոստիկանապետ Արա Պետրոսյանն իրեն վիրավորել է: Աղջիկը բառացիորեն չփոխանցեց, թե ինչ է ասել ոստիկանապետը, միայն նշեց, որ Արա Պետրոսյանն ինչ իրեն խոստացել է, մեծ հաջողությամբ կարող է իրականացնել իր կնոջ հետ («Բա երիտասարդ աղջկան կասե՞ն՝ լոմը կվերցնեմ կմտցնեմ հետևդ»,- բարձրաձայնեց աղջկա չասած արտահայտությունը մեծահասակ կանանցից մեկը): Լուսինե Գասպարյանը հայտարարեց, որ եթե իր գլխից մազ պակասի, եթե իր հետ որևէ վատ բան պատահի, ապա մեղավորը լինելու է Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանապետը:
Լուսինեի 90-ամյա պապիկն, ով միացել էր բողոքի ակցիայի մասնակիցներին, տեղեկանալով, որ թոռնուհուն վիրավորած ոստիկանապետը հարևան սրճարանում սուրճ է խմում, մի քանի բնակիչների ուղեկցությամբ ուղևորվեց այնտեղ: Սրճարանի ներսում պապիկը պատիվ պահանջեց ոստիկանության բարձրաստիճան սպայից և թքեց նրա վրա: Արա Պետրոսյանը գերադասեց լքել տարածքը և արագաքայլ հեռանալով՝ թաքնվել շինհրապարակի դարպասների հետևում:
Բնակիչները դժգոհեցին նաև վարչական շրջանի ղեկավարից, ով նախորդ օրը խոստացել էր երեկոյան կրկին գալ և փաստաթղթեր բերել իր հետ, որոնք կապացուցեին «Լիբեր» ՍՊԸ-ի գործողությունների օրինականությունը:
«Ո՛չ եկավ, ո՛չ տեսանք: Ժամը 6-ին երեկոյան հավաքվեցինք, 2 ժամ սպասեցինք, բայց ապարդյուն: Հիմա էլ չի գալիս, որ տեսնի, թե իր շրջանի ժողովրդի հետ ինչ է կատարվում»,-դժգոհեցին բնակիչները:










