Bank of America-ում փորձաշրջան անցնող երիտասարդը մահացել է 72 ժամ աշխատելուց հետո. ԶԼՄ-ներ
Bank of America Merrill Lynch-ում փորձաշրջան անցնող Մորից Էրխարդթը, ով աշխատել է լոնդոնյան գրասենյակում ամռան ընթացքում, մահացել է 72 ժամ առանց ընդմիջման աշխատելուց հետո. նա 21 տարեկան էր, հայտնում է vedomosti.ru-ն՝ ամերիկյան և բրիտանական լրատվամիջոցներին հղումով։
Էրխարդթն ավարտում էր 7-շաբաթյա փորձաշրջանը բանկի ներդրումային բաժնում։ Փորձաշրջանի ավարտից 7 օր առաջ՝ օգոստոսի 15-ին, նա ընկել է լոգարանում և մահացել, նրա դին հայտնաբերել են հարևանները։
Երիտասարդի մահվան պատճառները հայտնի չեն, սակայն ոստիկանությունը դրանք կասկածելի չի համարում։ Ըստ որոշ տվյալների՝ Էրխարդթը տառապել է էպիլեպսիա հիվանդությամբ և նրա մոտ կարող էր նոպա սկսվել։ Սակայն, ուսանողների կարծիքով, նա կարող էր ուշագնաց լինել գերհոգնածությունից, քանի որ աշխատում էր օրական 15 ժամ։ Գործընկերներից մեկը նշել է նաև, որ Էրխարդթն աշխատել է մի քանի գիշեր շարունակ։
Merrill Lynch-ի միջազգային հարաբերությունների ղեկավար Ջոն Մակիվորը հայտնել է, որ բանկում «խորապես ցնցված են և վշտացած այդ լուրով»։ «Նա հայտնի էր իր հասակակիցների շրջանում և շատ օրինակելի ստաժոր մեր ընկերությունում»,- ասել է նա՝ ցավակցություն հայտնելով երիտասարդի ընտանիքին։










