ԱԵԼ-ն ու Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը. Դամասկոսը հերքում է
Արաբական երկրների լիգան կոչ է արել Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի փորձագետներին անհապաղ ուղևորվել Դամասկոսի այն արվարձանը, որտեղ ընդդիմությունը հայտարարել է կառավարական զորքի կողմից քիմիական զենքի կիրառման մասին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Ընդդիմադիր ակտիվիստները Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերին մեղադրել էին քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով Դամասկոսում առնվազն 600 մարդ է զոհվել։
Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին արձագանքել է միջադեպին և նշել, որ եթե Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով խաղաղ բնակիչների մահվան դեպքերը հաստատվեն, ապա միջազգային հանրությունը պետք է արձագանքի դրան։
«Եթե ապացուցվի, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել, դա մարդկության դեմ հանցագործություն կհամարվի։ Անկարան կոչ է անում անհապաղ ուսումնասիրել այդ դեպքը»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, Սիրիայի իշխանություններն արդեն հերքել են այս տեղեկությունները։
«Այդ հաղորդագրություններում ճշմարտության կաթիլ չկա։ Դրանք փորձեր են՝ ՄԱԿ-ի միջազգային փորձագետների ուշադրությունն իրենց աշխատանքների իրականացումից շեղելու համար»,-գրել է Սիրիայի ՍԱՆԱ գործակալությունը։










