Տրանսպորտային հանցագործություններին վերաբերող քրեական գործերի քննությունը երբեմն կատարվում է մակերեսային
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ ոչ միշտ է ապահովվում ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ գործերի քննության պատշաճ որակը: Մասնավորապես, որոշ դեպքերում կատարվում է մակերեսային քննություն. քրեական գործերով վարույթն իրականացնող մարմիններն անհրաժեշտ հետևողականություն չեն դրսևորում, ինչը հանգեցնում է նշված հանցագործությունների բացահայտման բացասական հեռանկարի ձևավորմանը: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության կայքից:
ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2012 թվականի ընթացքում տրանսպորտային հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախնական քննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:
Ըստ այդմ, պարզվել է, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 445 023, որից 338 655-ը` մարդատար, ապա 2013թ. հունվարի 1-ի դրությամբ այն կազմել է 483 614 ավտոմեքենա, որից 388 043-ը` մարդատար: Այսինքն` մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49 388-ով: Ընդ որում, 2010թ. հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը հանրապետությունում աճել է 67 962-ով (388 043-320 081):
2012թ. հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 2 731 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 311, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել 852 մարդ, որոնցից 212-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ դատաավտոտեխնիկական փորձաքննությունների ժամանակ կիրառվում են ժամանակի պահանջներին ակնհայտորեն հակասող փորձագիտական մեթոդները:
Այսպես, փորձագետները համապատասխան հետևությունների հանգելիս` որպես կանոն, ղեկավարվում են «Մեթոդական ցուցումներ, Մոսկվա 1988», «Դատաավտոտեխնիկական փորձաքննություն, Մոսկվա 1980», «Ինֆորմացիոն նամակ դատական ավտոտեխնիկական փորձաքննությանը ելակետային տվյալներ ներկայացնելու կարգի մասին, Երևան 1986» և այլ նմանատիպ փորձագիտական ձեռնարկներով: Ընդ որում, նշված փաստաթղթերում արտացոլված մի շարք չափանիշներ մշակվել են ավելի վաղ ժամանակահատվածում. օրինակ` հետիոտների շարժման արագությունների աղյուսակը հաստատվել է դեռևս 1966 թ.-ին: Նույնիսկ հրատարակման տարեթվերի պարզ թվարկումն անհերքելիորեն փաստում է, որ կիրառվող փորձագիտական մեթոդները չեն կարող համապատասխանել տեխնոլոգիական ու տեղեկատվական զարգացման և առաջընթացի ներկայիս ժամանակաշրջանի պահանջներին։










