Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառ դարձած դեղամիջոցը որոշել են օգտագործել Միսուրիում մահապատիժների համար

16:52 • 21.08.13

Լուսանկարում՝ Մայքլ Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյն է

 

Ամերիկյան Միսուրի նահանգի իշխանությունները որոշում են կայացրել մահապատիժների իրականացման համար օգտագործել պրոպոֆոլ՝ ուժեղ դեղամիջոց, որը Մայքլ Ջեքսոնի մահվան պատճառն էր դարձել:

 

Միսուրի նահանգն առաջինը կօգտագործի պրոպոֆոլը մահապատիժների իրականացման համար, գրում է Взгляд-ը: Ջեքսոնը մահացել էր պրոպոֆոլի չարաշահումից, որն իրեն նշանակել էր իր բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյը:

 

Միսուրիի դատարանն Ալեն Նիքլասոնին և Ջոզեֆ Ֆրանկլինին սպանությունների համար դատապարտել է մահապատժի, որը կիրականացվի հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին։ Դա կիրականացվի հենց պրոպոֆոլի միջոցով, ինչն առաջացրել է մասնագետների մտահոգությունը: Թիմում, որն իրականացնում է պատիժը, այլևս չի մտնում բժիշկ, ում վերահսկողությամբ է սովորաբար ներարկվում պրոպոֆոլը, իսկ սխալ ներարկման դեպքում, մասնագետների կարծիքով, կալանավորը տանջանքների է ենթարկվելու:

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավելի վաղ Միսուրի նահանգը և երեք տասնյակ այլ նահանգներ, որտեղ կիրառվում է մահապատիժը, օգտագործում էին երեք դեղամիջոցների խառնուրդ, որոնց արտադրողներն արգելել են դրանք օգտագործել մահաբեր ներարկման նպատակով:

 

Մահապատժի առնչությամբ մտահոգությունը ողջ երկրում մի քանի դատական հայցերի առիթ է դարձել, այդ թվում՝ Միսուրիում: Մի քանի նահանգներ արգելել են մահապատիժը: Այդ պատճառով մահապատժի կիրառումների թիվը կտրուկ նվազել է։