ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հետևանքները պայմանավորված կլինեն փաստաթղթի բովանդակությամբ. Վ. Հարությունյան

18:48 • 21.08.13

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն, անդրադառնալով հետևանքներին, որոնք կարող են ի հայտ գալ, եթե Հայաստանը նախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ասել է, որ դա պայմանավորված է բանակցվող տեքստով. եթե այնտեղ լինեն կետեր, որոնք կհակասեն գործող հայ-ռուսական պայմանագրերին, ինչպես նաև կստեղծեն խոչընդոտներ Մաքսային միության հետ հետագա համագործակցության համար, ապա միանշանակ դա կունենա բացասական հետևանքներ: Նախաստորագրման բացասական հետևանքներից, ըստ նրա, անմասն չի մնա նաև ղարաբաղյան խնդրի կարգավորումը:

 

- Հարգելի պարոն Հարությունյան, իշխող Հանրապետական կուսակցությունից արդեն հայտնում են, որ եթե որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա Հայաստանը պատրաստ է նախաստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը: Ըստ Ձեզ՝ ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել ռազմական անվտանգության, տնտեսական առումով: Նկատի ունեմ Ռուսաստանի կողմից հնարավոր քայլերը:

 

- Հետևանքները կախված կլինեն փաստաթղթի բովանդակությունից. եթե այնտեղ կլինեն կետեր, որոնք կհակասեն գործող հայ-ռուսական պայմանագրերին, և որոնք կստեղծեն խոչընդոտներ Մաքսային միության հետ հետագա համագործակցության համար, և որոնք կհակասեն ռուսական շահին, ապա միանշանակ կլինեն բացասական հետևանքներ:

 

- Կոնստանտին Զատուլինը Tert.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ տեղյակ չէ բանակցվող տեքստին, սակայն քաջ ծանոթ է Ուկրաինայի հետ կնքված համաձայնագրի տեքստին, և որ այնտեղ կան բաղադրիչներ, որոնք վերաբերում են ռազմական անվտանգությանը: Նա բառացի ասել էր. «Բայց ինձ որքան հայտնի է, Ուկրաինան չունի այնպիսի խնդիր, ինչպիսին Ղարաբաղն է»: Ձեր կարծիքով՝ նախաստորագրումը հնարավոր ի՞նչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով:

 

- Բացասական հետևանքները կվերաբերեն հնարավոր բոլոր ոլորտներին` քաղաքական, տնտեսական, ռազմական, ինչից, բնականաբար, անմասն չի մնա նաև ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այսօր մեր դիվանագիտական հաջողությունները պայմանավորված են առաջին հերթին այն ռազմական բալանսով, որը մենք ապահովում ենք մեր դաշնակցային հարաբերություններով Ռուսաստանի հետ: Եթե չլիներ ՌԴ աջակցությունը նաև տնտեսական ոլորտում` էներգետիկա, տրանսպորտ, աշխատաշուկա, տրանսֆերտներ և այլն, ապա մեր տնտեսական վիճակը կլիներ շատ ավելի ծանր, ինչը թույլ չէր տա ապահովել Ղարաբաղի գոյատևումն ու զարգացումը: Եվ արտագաղթի տեմպերը կլինեին շատ ավելի բարձր, ինչը կհանգեցներ նրան, որ այսօր կխոսեինք ոչ թե Ղարաբաղի անվտանգության մասին, այլ Հայաստանի:



- Մյուս կողմից, հայաստանյան որոշ քաղաքագետներ նշում են, որ Հայաստանը չի կարող ինտեգրվել երկու համակարգներից թե՛ Եվրասիական միությանը և թե՛ ԵՄ-ին՝ Ղարաբաղի հետ միասին: Եվ այս դեպքում որևէ տարբերություն չկա, որովհետև միևնույն է՝ Ղարաբաղը չի ընդգրկվում: Ըստ Ձեզ՝ կա՞ն որոշ տարբերվող դետալներ Եվրասիականի և ԵՄ-ի պարագայում:

 

- Այո՛, կան: Որպեսզի հասկանանք՝ կա՞ տարբերություն, թե՞ ոչ, պետք է գնահատենք այսօրվա վիճակը. ո՞վ է այսօր աջակցում Ղարաբաղի անվտանգության պահպանմանը և մեր տնտեսական զարգացմանը: ԵՄ-ի դերակատարումն այդ հարցերում փոքր է, անվտանգության հարցում` զրոյական: Եվրասիական միությանն անդամակցության պարագայում ուժեղանալու է Հայաստանի տնտեսական զարգացումը, ինչը, բնականաբար, ուժեղացնելու է նաև Ղարաբաղը: Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը, այն որևէ ազդեցություն չի ունենա անվտանգության առումով, իսկ տնտեսական զարգացումների իմաստով` նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով, չնչին է լինելու:

 

- Հայտնի դարձավ, որ Ռուսաստանը շուրջ մեկ միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին, ինչը Հայաստանում ռուսական ուղղության կողմնակիցների համար դարձավ լրացուցիչ փաստարկ, թե ինչու չպետք է ինտեգրվել Եվրասիական միությանը: Ռուս փորձագետներն էլ այս փաստը մեկնաբանում էին այսպես՝ թե, միևնույն է, Ադրբեջանը որևէ այլ երկրից կգներ այդ զենքը: Ձե՛ր կարծիքը: Նաև ասեմ, որ որոշ փորձագետներ էլ (օրինակ՝ Ռիչարդ Կիրակոսյանը) պնդում են, որ նոր չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ուղղակի այս մասին առաջին անգամ է խոսվում:

 

- Ռուսաստանը, ըստ «Ռուսական բազայի մասին» պայմանագրի, իր վրա է վերցրել պարտավորություն` ապահովել Հայաստանը ժամանակակից զենքով, այդ կետի՝ ուժի մեջ մտնելուց հետո սպառազինության մրցավազքը Ադրբեջան-Հայաստան հարթությունից տեղափոխվեց Ադրբեջան-Ռուսաստան հարթություն: Իսկ դա Ադրբեջանի համար անիմաստ մրցավազք է, որը բերելու է միայն տնտեսության քայքայման: Տարածաշրջանում ռազմական գործողությունները կտրականապես դեմ են ՌԴ շահերին, դա աքսիոմա է, և, այս ամենը հաշվի առնելով, պարզ է դառնում զենքի վաճառքի նպատակները. ուժեղացնելով ազդեցությունն Ադրբեջանի վրա, միևնույն ժամանակ ստանալով գործարքից շահույթ՝ Ռուսաստանն ապահովում է Հայաստանին համապատասխան քանակի և տեսակի ժամանակակից տեխնիկայով՝ դրանով ապահովելով ռազմական բալանսը: Մտավախությունները կլինեին տեղին, եթե ՌԴ-ն չկատարեր իր պարտավորություններն ըստ պայմանագրի:

 

-Ի՞նչ կարող եք ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան կատարելիք այցի մասին, որի նպատակ էր հռչակված՝ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, նաև նախատեսված էր ռազմական համագործակցությանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

 

- Եթե ուշադիր նայեք` ինչ փաստաթղթեր են ստորագրված Բաքվում, կտեսնեք, որ ռազմաքաղաքական առումով լուրջ համաձայնագիր չկա: Շատ կարևոր է, որ Պուտինը չի այցելել նրանց Պանթեոն: Սա ևս կարևոր հանգամանք է: Իսկ երբ Ալիևը կոշտ ձևակերպումներ հնչեցրեց, թե Ղարաբաղի տարածքներն «օկուպացված են» և այլն, Պուտինը պատասխանեց մեկ տողով` ԼՂՀ հարցը լուծվելու է միայն խաղաղ ճանապարհով: ՌԴ նախագահի հայտարարությունը մեկ բանի մասին է խոսում, որ Ռուսաստանը չի ընդունում ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը:

 

- Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը ՀՀ-ի կողմից նախաստորագրումից հետո կնվազեցնի՞ իր տնտեսական ներդրումները Հայաստանում:

 

- Եթե ՀՀ-ն ստորագրի փաստաթուղթ, որը հակասի հայ-ռուսական պայմանագրերին և ռուսական շահին, ապա անխուսափելի են անցանկալի հետևանքները` գազի, կոշտ վառելիքի գնի բարձրացում, Ղարաբաղի հարցում ՌԴ դիրքորոշման փոփոխություն, կառաջանա խնդիր ՀՀ անվտանգության ապահովման հարցում, իսկ 2015թ. հունվարի 1-ից կսահմանափակվի աշխատուժի մուտքը ՌԴ այն երկրների քաղաքացիների համար, որոնք Մաքսային միության անդամ չեն: Այս ցանկը կարելի է երկար շարունակել: