Երևանում մեքենաների քանակն ավելանում է, իսկ օդի աղտոտվածության ցուցանիշը՝ «նվազում»
Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշը մեքենաների քանակի մեծացման, կանաչ տարածքների պակասեցման ֆոնին ոչ թե բարձրանում, այլ նվազում է: Փաստն անհանգստացրել է բնապահպաններին: Նախկինում օդի աղտոտվածության ցուցանիշները Երևանում ստացվում էին առավոտյան, ցերեկը և երեկոյան կատարված չափումների արդյունքում:
Բնապահպանության նախարարությանն առընթեր մոնիթորինգի կենտրոնը մի քանի տարի առաջ փոխել է Երևան քաղաքի օդի աղտոտվածության մոնիթորինգի անցկացման մեթոդաբանությունը: Քաղաքում տեղադրվել են ավտոմատ սարքեր 5 կետերում, և ներկայումս չափումներն անցկացվում են ողջ օրվա ընթացքում, ներառյալ՝ գիշերը:
«Ինչպես հայտնի է՝ գիշերվա ընթացքում օդը մաքրվում է: Ավտոմատ սարքը տալիս է ողջ օրվա ընթացքում գրանցած ցուցանիշների միջինացված արդյունքը, սրա արդյունքում է, որ ցուցանիշները նվազում են»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:
Բնապահպանը ցավում է, որ անկախ լաբորատորիաների բացակայության պայմաններում հնարավոր չէ անցկացնել կրկնակի ստուգում: Երևանի տարածքում 29 բաց հանք է շահագործվում, որի հետևանքով օդում փոշու խտությունը մշտապես բարձր է:
«Կանաչ տարածքները մենք կորցրել ենք, կառուցապատումը խտացել է, մեքենաները շատացել են: Ճիշտ է, արդյունաբերությունը չի գործում և դրա շնորհիվ պիտի, որ օդն ավելի մաքուր լիներ, սակայն դա խնդիրը չի վերացնում»,- համոզմունք հայտնեց Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ կան քաղաքներ, որոնք փորձում են օդում աղտոտվածության մակարդակն իջեցնել հանրային տրանսպորտի առավել լայն կիրառմամբ: Երևանի պարագայում պետք է որքան հնարավոր է ընդլայնել մետրոյի և տրոլեյբուսային ցանցը: Պետք է ավելացնել կանաչ տարածքները, կառուցել շրջանցիկ ճանապարհներ, քաղաքաշինական սխալները հասցնել մինիմումի, նվազեցնել մայրաքաղաքի կենտրոնում կառուցապատման խտությունը:
«Մենք քաղաքակրթությունը պատկերացնում ենք միայն բետոն, ասֆալտ, իրար վրա շարած շենքեր, բայց դա հենց գավառական պատկերացում է,»- նկատեց բնապահպան Կարինե Դանիելյանը։
«Ժնևը համաշխարհային կենտրոններից մեկն է: Այնտեղ շատ ակտիվ օգտագործվում է տրամվայը: Երևանում տրամվայը մենք դժվար թե կարողանանք վերադարձնել, սակայն ամենակարևորը՝ մետրոն ընդլայնել և քաղաքաշինության սկզբունքները վերանայել կարող ենք»,– հավելեց նա:
Ըստ Կարինե Դանիելյանի, տրամվայի կորուստն ուղղակի խայտառակություն էր: Երևանի իշխանությունները տրանսպորտի այդ միջոցից հրաժարվեցին հենց այն ժամանակ, երբ եվրոպական քաղաքներն ընդլայնում էին մետրոյի ցանցը, իսկ ովքեր հանել էին՝ հետ էին բերում:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանին ևս անհանգստացրել են օդի աղտոտվածության ավտոմատ կայանների գրանցած դրական ցուցանիշները: 2005թ-ի համեմատ օդի աղտոտվածության ցուցանիշները նվազել են, սա այն դեպքում, երբ նույն թվականի համեմատ ավելացել է մեքենաների քանակը, պակասել են կանաչապատ տարածքները և այլն:
«Եվ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչի հաշվին են այդպիսի դրական արդյունքներ գրանցվում: Ամբողջ խնդիրը նրանում է, թե ինչ կետեր ես դու վերցնում չափումներ իրականացնելիս: Եթե գետնահայաց կամ մարդու հասակի մակարդակով չեն իրականացվում չափումները, այլ չափում են օդի ավելի վերևի շերտերը՝ ստացվում է ահա այսպիսի դրական պատկեր»,- պարզաբանեց Ինգա Զարաֆյանը:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահի կարծիքով՝ լուծումներից մեկը Երևանի համար տրանսպորտի բեռնաթափումն է: «Գազով աշխատող մեքենան էլ ամեն անգամ, երբ կանգնում է և վարորդը չի անջատում շարժիչը, դա էլ է նպաստում օդի աղտոտվածությունը: Պետք է արգելել բեռնատար մեքենաներին անցնել քաղաքի կենտրոնով, քաղաքի կենտրոնում պետք է պակասեցնել մեքենաների կայանման տեղերը: Երևանը տրանսպորտի առումով գերբեռնված է, պետք է գնալ բեռնաթափման, ինչպես նաև կանաչ տարածքների ավելացման»,- նշեց Ինգա Զարաֆյանը:










