Կոմիտաս 5-ի շինարարները ինքնակամ և ծափերի ներքո լքեցին շինարարական փոսը
Մոտ 15 օր Կոմիտաս 5 հասցեում «Լիբեր» ընկերության կողմից Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի միջև էլիտար շենք կառուցելուն դիմադրող քաղաքացիական ակտիվիստների ճնշման արդյունքում, շինարարները ինքնակամ և հավաքվածների ծափերի ներքո լքեցին շինհրապարակը՝ շինարարական փոսը:
Հիշեցնենք, որ երեկ քաշքշոցներ արձանագրվեցին, իսկ բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանն, ով նստել էր «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ՝ խանգարելով վարորդին փորման աշխատանքներ կատարել, բարձրացավ բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա և սպառնաց կտրել երակները, ինչն էլ, ի վերջո, իրագործեց:
Բնակիչներին համոզելու համար, որ շինարարությունն օրինական է, Արաբկիր համայնք էր եկել փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ում ընդունեցին «ա-մոթ», վանկարկումներով:
Բացի Կոմիտասի վերոնշյալ շենքերի բնակիչներից ակցիային մասնակցում են նաև «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ակտիվիստները, երիտասարդներ «Հայ ազգային կոնգրեսից», «Ժառանգությունից», ովքեր փոխքաղաքապետի ուղղությամբ գոռում էին՝ «Սիրու՛ն չի, հեռացե՛ք», ոմանք էլ՝ «Եկել եք, որ ի՞նչ անեք»:
Լուսանկարը՝ wikimedia.org-ի










