ԱԵԼ-ի գլխավոր քարտուղար. Ամերիկայի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմը» շարունակվում է Սիրիայում
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի կարծիքով՝ Սիրիայի իրադարձություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «սառը պատերազմի» նոր տարբերակն են, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
Մայիսին Ռուսաստանը և ԱՄՆ-ն հանդես էին եկել «Ժնև-2» միջազգային կոնֆերանսի անցկացման նախաձեռնությամբ, որը պետք է արագացներ Սիրիայում իրավիճակի դիվանագիտական լուծումը և կոնֆլիկտի երկու կողմերին բերեր երկխոսության: Սակայն հանդիպման ամսաթիվն անընդհատ հետաձգվում է, ներկա դրությամբ՝ այն պետք է անցկացվի հոկտեմբերին, չնայած ժամկետները դեռ հստակ չեն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անհանգստություն էր հայտնել կոնֆերանսի ձգձգման առիթով՝ նշելով, որ այդ ընթացքում ահաբեկիչները կխանգարեն կոնֆլիկտի խաղաղ լուծմանը:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի նախագահ Ահմեթ Ջարբան հուլիսի վերջին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո հայտարարել էր, որ ապստամբները շտապ ամերիկյան զենքի կարիքն ունեն՝ «իրենց և քաղաքացիներին նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմից պաշտպանելու համար»: Մինչ այդ Քերին հայտնել էր, որ կողմ է կոնֆերանսի հնարավորինս շուտ հրավիրմանը: Ի պատասխան՝ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ գործողությունները և որոշումները հակասում են «Ժնև-2» կոնֆերանս հրավիրելու գաղափարին:










