Պավլիկ Սարգսյանը դուրս մնաց ընտրապայքարից. թիվ 38 ընտրատարածքում մնաց 3 թեկնածու
Լրացավ ընտրագրավը մուծելու համար գործազուրկ թոշակառու Պավլիկ Սարգսյանին հատկացված լրացուցիչ 48 ժամը, սակայն նա այդպես էլ չկարողացավ մուծել մեկ միլիոն դրամ ընտրագրավը: Այս մասին հաղորդում է azatutyun.am-ը:
«Սկզբունքի խնդիր է: Ի վիճակի չեմ մուծելու, եթե ունենայի նույնիսկ՝ չէի մուծի: Վարչական դատարան եմ դիմել, և նախագահին ու վարչապետին՝ պաշտոնական նամակ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է թեկնածուն:
Պավլիկ Սարգսյանն ընտրագրավը չէր մուծել նաև ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ և դուրս էր մնացել ընտրապայքարից:
Երկու օր առաջ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել փաստաթղթերն ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած մյուս թեկնածուն՝ 41-ամյա գործազուրկ Տիգրան Սարգսյանը: Վերջինիս լիազոր ներկայացուցիչն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ բացարկ հայտնելու պատճառը քարոզարշավի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությունն է:
Այսպիսով, Սյունիքի 4 քաղաքները՝ Կապանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը և ավելի քան 40 գյուղ ընդգրկող ընտրատարածքում պատգամավորական մանդատի համար ընտրապայքարի է պատրաստվում երեք թեկնածու՝ Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Կարապետյանը, «Ժառանգության» ներկայացուցիչ, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը և ինքնաառաջադրված «Կապանի հաշվապահական հաշվառման գրասենյակ» ընկերության տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը:
Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:










