Ֆրանսիան նախազգուշացնում է Սիրիային

12:46 • 22.08.13

Ֆրանսիան հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է լրջորեն արձագանքի, եթե ապացուցվեն մեղադրանքները, որ սիրիական կառավարական ուժերը քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակիչների դեմ, գրում է The Guardian-ը:

 

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, սակայն, ասել է, որ Սիրիա զորք ուղարկելու հարց չի քննարկվում: Նա հավելել է, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չկարողանա որոշում կայացնել, որոշումը պետք է կայացվի «այլ ճանապարհներով»: Նա մանրամասներ չի ներկայացրել:

 

Բժիշկների, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1400-ի և դեռ կարող է ավելանալ: Այլ հաշվարկներով՝ զոհերի թիվը 200-ից 500 է: Տվյալները հնարավոր չէ առայժմ ստուգել:

 

Սիրիայի կառավարությունը հերքում է քիմիական զենք օգտագործելու մեղադրանքները: