Սնոուդենի գործոնը Գերմանիայում ընտրությունների ժամանակ չի կարևորվի. РИА Новости
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի շուրջ սկանդալը, փորձագետների կարծիքով, աշխուժացրել է Գերմանիայի նախընտրական քարոզարշավը, սակայն ընտրողների նախընտրության վրա էական ազդեցություն չի թողել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Գերմանացիներին առաջվա պես հետաքրքրում են երկրի տնտեսությունն ու սոցիալական խնդիրները։
ԿՀՎ նախկին աշխատակցի բացահայտումները, որոնց ընթացքում նա պատմել էր ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների համընդհանուր գաղտնալսումների մասին, այդ թվում նաև Գերմանիայի քաղաքացիների հանդեպ, լրջորեն ակտիվացրել է Գերմանիայի նախընտրական քարոզարշավը և դարձել է դրա գլխավոր թեմաներից մեկը։
«Սակայն ընտրողների տեսակետի վրա լրտեսական սկանդալը գրեթե չի ազդել, քանի որ սոցիալական խնդիրներն ու տնտեսությունը գերմանացիներին ավելի են հետաքրքրում»,- РИА Новости գործակալությանն ասել են փորձագետները։
Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան ուղիղ մեկ ամսից՝ սեպտեմբերի 22-ին։ Դրանց արդյունքներով ձևավորվելու է կառավարություն և ընտրվելու է կանցլեր։ Կառավարության գործող ղեկավար Անգելա Մերկելը, որը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն» դաշինքի դեմքն է ընտրարշավի ընթացքում, պայքարելու է պաշտոնավարման երրորդ շրջանի համար։ Նրա մրցակիցը Ֆինանսների նախկին նախարար Պեեր Շտայնբրյուկն է, որը գլխավորում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը։










