Իտալիայում թռչնագրիպի պատճառով ավելի քան կես մլն հավ է ոչնչացվել
Վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ Ապենիններում գրանցվել է թռչնագրիպի դեպք։ Օջախը գտնվել է Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող Էմիլիա-Ռոմանիա շրջանում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
Կես միլիոն հավ երեկ ոչնչացվել է Ռավեննա նահանգում։ Օրեր առաջ նմանատիպ «մաքրում» էր տեղի ունեցել Ֆերարի շրջանի ֆերմաներից մեկում, որտեղ ոչնչացվել էր 128.000 հավ։ Երկու տնտեսություններն էլ պատկանել են միևնույն արտադրողին։ Ուժեղացվել է վերահսկողությունը, ախտահանման աշխատանքներ են իրականացվել, 10 կմ շառավղով կարանտին է հայտարարված։
Խոսքը А տիպի H7 վիրուսի մասին է. տեղեկությունը հաստատել են Իտալիայի առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունները։
Ընդգծվում է, որ մարդկանց վարակման դեպքեր չեն արձանագրվել՝ շնորհիվ օպերատիվ աշխատանքի։
Մասնագետների կարծիքով՝ վարակի հիմնական աղբյուրը սատկած կամ հիվանդ թռչունների հետ շփումն է։
Քանի որ հիվանդության՝ մարդուց մարդուն փոխանցվելու դեպք տեղի չի ունեցել, ապա զբոսաշրջիկների այցն այդ շրջաններ նրանց կյանքի համար վտանգավոր չէ։










